Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը ծանոթացավ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերին

08.11.2018

Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Վարազդատ Սարգսյանը խոսեց բարեգործական կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզի շուրջ 64 համայնքների հետ ունեցած համագործակցության և դրա արդյունքում համայնքներում իրականացվող ծրագրերի մասին: Ըստ Վարազդատ Սարգսյանի՝ իրականացվող ծրագրերն ունեն սոցիալական, տնտեսական, կրթական, երիտասարդական և այլ ուղղվածություն: Դրանցից նա առանձնացրեց մարզի տարածքում գործող 25 երկարօրյա ցերեկային կենտրոնների առկայությունը, որտեղ հաճախող առավել խոցելի ընտանիքների 436 դպրոցականներ հնարավորություն են ունենում տեղում սնվել, պատրաստել իրենց դասերը, դրան զուգահեռ հաճախել նաև տարբեր խմբակների՝ ձեռք բերելով մասնագիտական կողմնորոշում: Կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ՝ երիտասարդական ծրագրերի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ը Վարդենիսի, Ճամբարակի և Գավառի տարածաշրջանների 18 հանրակրթական դպրոցներում ստեղծել է ինժեներական լաբորատորիաներ, բացել ռոբոտաշինության խմբակներ, որտեղ հաճախում և համապատասխան կրթություն է ստանում 518 երեխա: Զրույցի ընթացքում մարզպետին ներկայացվեց նաև Գեղարքունիքի մարզի սոցիալական և առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերի, մարզում ՝ 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում սոցիալական աշխատողի հաստիք ստեղծելու անհրաժեշտության, 24 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տնտեսական զարգացման ծրագրերում ներառելու, տուրիստական կենտրոններ ստեղծելու և այլ բնույթի ծրագրերի ու դրանց իրականացման ընթացքի մասին, խոսվեց որոշ ծրագրերի իրականացման գործում առկա ձգձգումների մասին:
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ մարզում իրականացվում են նաև շինարարական ծրագրեր: Դրանց ցանկում կազմակերպության ղեկավարը առանձնացրեց ճամբարակում հատուկ կարքներ ունեցող երեխաների համար վերականգնողական կենտրոնի հիմնանորոգման ծրագիրը, որի մեկնարկին խոչնդոտում են որոշ փաստաթղթային աշխատանքներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկայում կազմակերպել մեծածավալ հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք խոչնդոտ են հանդիսանում «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից մարզի տարածքում իրականացվող ծրագրերի հարցում և գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակներ, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն հնարավորինս սեղմ ժամկետում : «Ուրախ եմ այն ծրագրերի համար, որոնք իրականացվում են «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Դուք թեթևացնում եք այն հոգսը, որը ծառացած է մեր պետության և մեր մարզի առջև, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը: Մենք պետք է մեր աշխատանքով նպաստենք, որպեսզի շատ համայնքներ դուրս չմնան ձեր համագործակցությունից և պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք էլ օգտվեն այդ ծրագրերից»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Ըստ պայմանավորվածության, առաջիկա օրերին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կմասնակցի «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության միջոցներով Վարդենիսում կառուցված մինի ֆուտբոլի դաշտի բացման արարողությանը:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10