Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ քաղաքում սուբվենցիոն ծրագրով լուծում է տրվում կենսական խնդիրների

07.11.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այժմ ստեղծված վեց շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են  ՀՀ պետական եւ տեղական բյուջեների, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 600 դրամ: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից , ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: 13 միլիոն 300 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 19 միլիոն 908 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում:
Երկրորդ շինհրապարակը գտնվում է Ճամբարակի կենտրոնական զբոսայգում, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի սեպտեմբերից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր ամիս, իսկ զբոսայգու հիմնանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 19 միլիոն 850 հազար դրամ, որից 7 միլիոն 940 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 11 միլիոն 910 հազար դրամը՝ համայնքի բյուջեի ներդրումը:
Ճամբարակ քաղաքի երրորդ շինհրապարակը գտնվում է Վերին Ճամբարակ թաղամասից դեպի Հ.Նադարյան փողոց ձգվող հատվածում, որտեղ բացվում է նոր մուտք: Աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբեր ամսից: 4 միլիոն 747 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 7 միլիոն122 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Թաղամասի մուտքի բացման եւ փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս աշնան ընթացքում:
Չորրորդ շինհրապարակը համայնքի Վահան բնակավայրում է, որտեղ խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հոկտեմբերից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն 900 հազար դրամ, որից 2 միլիոն 760 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 4 միլիոն 140 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Նորակառույց 1313 մետր երկարության ջրագիծը շահագործման կհանձնվի այս տարվա դեկտեմբերին: Ծրագրի իրականացման արդյունքում Վահան գյուղի տնտեսությունների մոտ կեսը կապահովվեն շուրջօրյա եւ որակյալ խմելու ջրով:
Ճամբարակ համայնքի աղբավայրի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիոն 300 հազար դրամ: Այն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի շրջանակներում: Սուբվենցիան կազմել է 2 միլիոն 920 հազար դրամ, իսկ տեղական բյուջեի ներդրումը՝ 4 միլիոն 380 հազար դրամ: «Ճամբարակ քաղաքի աղբը տարիներ շարունակ լցվել է Վահան գյուղ տանող ճանապարհի եզրին, բավականին մեծ մակերես զբաղեցնող տարածքում: Աղբավայրը շրջակա միջավայրի համար ստեղծում էր բնապահպանական լրջագույն հիմնախնդիրներ: Ստեղծված իրավիճակը շտկելու համար ձեռնարկել ենք հին աղբավայրի փակման եւ նոր աղբավայրի կառուցման աշխատանքները: Հոկտեմբերի առաջին 18 օրերի դրությամբ, ծրագրի մեկնարկից ի վեր, աղբավայրը ծածկել ենք երեք շերտով, կոշտ գրունտով: Ապա այն ծածկելու ենք փափուկ գրունտով, որի վրա լցնելու ենք բնահող, որպեսզի գարնանը սկսենք տարածքի ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքները: Ծառատունկը կարվի ծածկված աղբավայրի չորս կողմերում ու գետի եզերքում, իսկ տարածքը կլինի կանաչապատ, որը կարող է ծառայել որպես ֆուտբոլի դաշտ: Մարդկանց հիշողության մեջ հին աղբավայրի տգեղ տեսարանից պետք է ոչինչ չմնա», -ներկայացրեց համայնքի ղեկավարը: Նորակառույց աղբավայրը կգործի հին աղբավայրի արեւմտյան թեւում, մոտ 500 խորանարդ մետր ծավալ եւ 2,5 մետր խորություն ունեցող փոսում: Արվում է հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրն այլեւս չաղտոտվի կենցաղային աղբի թափոններով:
«Այստեղ լցված աղբն անմիջապես կծածկվի, որպեսզի կենցաղային աղբի թափոնները քամու ազդեցությամբ չաղտոտեն շրջակայքը: Եթե աղբավայրը ժամանակի ընթացքում լցվի, կողքից կստեղծենք նոր աղբավայր, որտեղից դուրս բերվող հողով կծածկենք նախկինը: Հուսով ենք, որ մոտ ժամանակներում կշահագործվի կոշտ թափոնների վերամշակման գործարանը Հրազդան քաղաքում, որտեղ վերամշակման կտեղափոխվի նաեւ Ճամբարակ համայնքի աղբը: Այդ դեպքում արդեն հիմնովին կփակենք նոր աղբավայրը եւ կկանաչապատենք տարածքը»,-հավաստեց Ճամբարակ համայնքի ղեկավարը:
Ճամբարակ քաղաքի հաջորդ շինհրապարակը Պ.Սեւակի փողոցում է, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբեր ամսից: 9 միլիոն դրամ կազմել է ՀՀ կառավարության, 13 միլիոն 500 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսվա ընթացքում:
«Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրերի իրականացման շնորհիվ մենք կունենանք հիմնանարոգված ու բարեկարգված 820 մետր ընդհանուր երկարության ներհամայնքային ավտոճանապարհներ, բարետես ու գրավիչ զբոսայգի, շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող աղբավայր, Վահան համայնքի բնակիչների համար՝ ջրամատակարարման բարելավում: Կարծում եմ, որ մենք տարին կփակենք նկատելի ձեռքբերումներով»,-նշեց համայնքի ղեկավարը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10