Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով հրավիրվածներին՝ մարզպետը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը հասարակական կազմակերպությունների հետ մարզի կենսագործունեության բոլոր ոլորտներում պատրաստ է ամենալայն համագործակցության: «Ես ուզում եմ, որ մեր հանդիպումները ոչ միայն լինեն հաճախակի, այլ նաև տան տեսանելի արդյունքներ: Պատրաստ եմ՝ ձեր կողմից լսել գործնական առաջարկություններ ու մեր լիազորությունների շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ միաժամանակ ձեզանից ակնկալելով փոխադարձ գործնական քայլեր: Երկար ժամանակ պետության և ՀԿ-ների միջև փոխհամագործակցությունը չի եղել բավարար մակարդակի վրա, իսկ հիմա մենք ուզում ենք շտկել իրավիճակը և անցնել կոնկրերտ գործի՝ համագործակցությանը զարկ տալով բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած նախաձեռնություն կարժանանա մեր ուշադրությանն ու աջակցությանը»,-շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզի հասարակական 16 կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց կազմակերպությունների գործունեության ոլորտները, միաժամանակ ցանկացան մարզպետից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Տրված հարցերը հիմնականում առնչվում էին մարզի ձեռնարկչատիրության, տուրիզմի, մշակութային կյանքի և ներառական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, բնապահպանության, մարզի երիտասարդական խորհրդի կազմի թարմացման, բիզնես միջավայրի և հարկային վարչարարության բարելավման, երիտասարդության զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներին: Հարցերից առավելագույն շեշտադրումներն արվեցին բնապահպանության և տուրիզմի ոլորտում, որտեղ մարզպետը ներկայացրեց իր տեսլականը և նկատառումները: «Մարզի բնապահպանական ցանկացած հիմնախնդիր պարզապես առնչվում է Սևանա լճի հետ: Սևանը Հայաստանի սիրտն է, և այդ սրտի հետ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդիկ երկար ժամանակ չար խաղ են արել, ինչի արդյունքում էլ այսօր ունենք այս ծանր վիճակը: Ոչ մի ժամանակ Սևանա լճում ջրի թափանցելիության նման աստիճան չի դիտվել, ջրիմուռների ծաղկման ծավալներն այդքան ընդգրկուն չեն եղել: Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնք կապված են ցանցավանդակային ձկնաբուծության, արդյունագործական ձկնորսության կարգի փոփոխման, այլ կարևոր անելիքների հետ: Եվ մենք շատ արագորեն պետք կարողանանք հասնել ծանր իրավիճակների շտկմանը նշված և մի շարք այլ հարցերում»,-նշեց Գնել Սանոսյանը:
Անդրադառնալով տուրիզմի զարգացման ուղղություններին՝ մարզպետը կարևորեց ձմեռային տուրիզմի արմատավորումը, էկոտուրիզմի և գյուղական տուրիզմի զարգացումը, որտեղ որոշակի ակտիվ նախաձեռնություններ պետք է հանդես բերեն նաև հասարակական կազմակերպությունները: «Մենք պետք է օգտագործենք մեր մարզի տարածքով դեպի Արցախ տանող ճանապարհի հնարավորությունները՝ մշակելով զբոսաշրջային գրավիչ երթուղիներ: Նաև շատ պիտի գովազդենք Սևանա լճի հարուստ թռչնաշխարհը՝ այն դարձնելով հիմնական գրավչություններից մեկը»,-հավալեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը բնապահպանության զարգացման ոլորտում անչափ կարևորեց «Սևան Ազգային պարկի» դերը, որի միջոցով հնարավոր կլինի մեծ ներդրումներ ապահովել մարզի բնապահպանության ու համայնքային կյանքի զարգացման ոլորտներում: « Մինչ վերջերս մարզպետարանի ու «Սևան Ազգային պարկի» հարաբերությունները եղել են ավելի շատ հակասական, քան թե գործընկերային: Հիմա մենք մտադիր ենք «Սևան Ազգային պարկը» վերածել կենսոլորտային համալիրի, մեծացնենք պահպանվող տարածքների ծավալները, զարգացնենք բնապահպանությունն այդ կենսոլորտային տարածքներում, որի դեպքում կկարողանանք մեծ ներդրումներ ներգրավել նաև համայնքային կյանքի զարգացման ուղղությամբ»,-հավաստեց մարզի ղեկավարը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացրին, որ հանդես կբերեն հետաքրքիր նախաձեռնություններ, գործնական առաջարկություններ, տարբեր հարցերի շուրջ կունենան ակտիվ քննարկումներ մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժումների հետ ու կգրանցեն տեսանելի արդյունքներ՝ նախկին ձեռքբերումների վրա նորերն ավելացնելով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06