Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա պատկերը /29.10-03.11.2018թ./

05.11.2018

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Գնել Սանոսյանն առաջարկեց համայնքների նորընտիր ղեկավարներին՝ առավել ուշադրություն սևեռել տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման վրա: «Որքան շատ միջոցներ հավաքագրեն համայնքները, եկող տարի դրսից այնքան շատ միջոցներ կներգրավվեն մեր համայնքների վերականգնման ու զարգացման մեջ»,-հավելեց մարզպետը: Համայնքների նորընտիր ղեկավարները մարզպետ Գնել Սանոսյանի հետ քննարկեցին մի շարք առաջնահերթ և ընթացիկ լուծում պահանջող հարցեր:
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որոնց իրականացման հարցում անմասն չէ նաև Գեղարքունիքի մարզը: Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրին նաև մարզում իրենց կողմից ընտրված այն ծրագրերը, որոնցում նախատեսել են ներդրումներ կատարել և դրանք հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար: «Ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը ունի նման համագործակցության հնարավորություն և դրա խորացման համար առկա են բոլոր հիմքերը: Մենք ձգտում ենք, որ մեր մարզում հնարավորինս արագ և արդյունավետորեն զարգացնենք տուրիզմը, ինչպես նաև մարզը ճանաչելի դարձնենք էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրության առումով: Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Մարզպետը ճանաչողական հանդիպում ունեցավ Սևան քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Ի թիվս այլ թեմաների՝ մարզպետն անդրադարձավ Սևանի տարածաշրջանի համայնքներում տեղական բյուջեների հավաքագրման հետ կապված հարցին: «Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հարկավոր է բարձրացնել հնարավորինս սեղմ ժամկետում, մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, քանի որ առջևում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որին հաջորդում է տարվա ավարտը: Սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը հնարավորություն կտա՝ համայնքներում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ, սուբվենցիոն տարաբնույթ ծրագրեր»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Սևանում Գեղարքունիքի մարզպետը կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն: Շրջայցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքներին, դիտարկեց Երևան-Սևան- Իջևան միջպետական նշանակության ճանապարհի 64-67-րդ կիլոմետր հատվածում օրերս մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման աշխատանքները:
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների սպասարկումներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց հետ քննարակելով ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների հետ կապված իրավիճակն ու խնդիրները: Կազմակերպությունների ղեկավարները մարզպետին ներկայացրին ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, նյութական ու տեխնիկական հնարավորությունները, հավաստելով, որ հիմնականում պատրաստ են ձմեռային սպասարկումը բավարար չափով իրականացնելուն:
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այց կատարեց Գավառի մանկատուն: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց մանկատան սենյակներում և տարածքում, ծանոթացավ մանկատան սաների առօրյային և կենցաղային պայմաններին, արվեստի և արհեստի խմբակների գործունեությանը, զրուցեց դաստիարակների և սաների հետ: Գնել Սանոսյանն իր խոսքում նշեց, որ տարբեր առիթներով հաճախակի այցեր կկատարի մանկատուն և իր ուշադրության կենտրոնում կպահի այստեղ ի հայտ եկող խնդիրները:
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանին: Կենտրոնի տնօրենը Գեղարքունիքի մարզպետին փոխանցեց Գեղարքունիքի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության ծավալման ծրագրի մասին՝ միաժամանակ կարևորելով ծրագրի իրականացման դերը մարզի կրթական ու տնտեսական կյանքում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ծրագրի իրականացմանը համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար:
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության կազմակերպման և ներհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված խնդիրներին: «Այս պահի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը Մարտունու տարածաշրջանի համայնքներում գոհացուցիչ է, բացառությամբ Ծովասար, Ծովինար, Մադինա և Արծվանիստ համայնքների: Կարծում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում այդ համայնքները ևս կբարելավեն իրենց ցուցանիշները», -նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը կարևորեց արտերկրում Մարտունու տարածքի համայնքները ներկայացնող գործարարների մասնակցությունը մեր տնտեսության զարգացման, հայրենաշինական ծրագրերի ներգրավման գործում, որին հասնելու համար արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Անդրադարձ եղավ առանձին համայնքներում աղբահանության և ճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված խնդիրներին:
Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում գործող բուհի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումները, դերն ու նշանակությունը մարզի կրթամշակութային ու տնտեսական կյանքում, միջազգային ճանաչումն ու համագործակցությունը, ապագային միտված զարգացման ծրագրերը:
Միաժամանակ ԳՊՀ ռեկտորը մարզպետին առաջարկեց՝ Գեղարքունիքի մարզպետարանի և բուհի միջև կնքել համագործակցության հուշագիր, որը մի կողմից ավելի կամրապնդի ու կխորացնի համագործակցությունը մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մյուս կողմից էլ կնպաստի Գավառի պետական համալսարանի դերի ու նշանակության բարձրացմանը, ԳՊՀ-դպրոցներ կապի հաստատմանը և զարգացմանը: Մարզպետ Գնել Սանոսյանը, բարձր գնահատելով Գավառի պետական համալսարանի նշանակությունը մարզի կյանքում, հավաստիացրեց, որ իր կողմից ընդունելի է համագործակցության ու աջակցության ցանկացած առաջարկ, ինչը նպաստելու է հանրակրթության զարգացմանը, կրթամշակութային դաստիարակության առաջընթացին: Գնել Սանոսյանը պատասխանեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաբովանդակ հարցերին: Հանդիպումից հետո ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ Գնել Սանոսյանն այցելեց ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան և համակարգչային դասասենյակ:
Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գավառ քաղաքի և տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը նշեց, որ ինքը պատրաստակամ է նոր ոճով, նոր տրամաբանությամբ և նոր պահանջներին համահունչ աշխատել բոլորի հետ, օգնել, աջակցել համայնքային ամենատարբեր խնդիրների լուծմանը, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրվի համայնքային կյանքում: Գնել Սանոսյանն այնուհետև անդրադարձավ Գավառի տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, հորդորելով հավաքագրումն հասցնել առավելագույնի:
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում նախատեսվում է հրավիրել տնտեսական համաժողով, որին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից արտերկրում բնակվող կամ տեղացի գործարարներ: Համաժողովի տեսանելի արդյունքն ապահովելու համար մարզպետն առաջարկեց ներկայացնել համայնքային զարգացման ծրագրեր, որոնք հետաքրքրություն կներկայացնեն ներդրողների համար:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59