Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Գավառի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ
02.11.2018
Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գավառ քաղաքի և տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Ծանոթանալով համայնքների ղեկավարների հետ՝ մարզպետը նշեց, որ ինքը պատրաստակամ է նոր ոճով, նոր տրամաբանությամբ և նոր պահանջներին համահունչ աշխատել բոլորի հետ, օգնել, աջակցել համայնքային ամենատարբեր խնդիրների լուծմանը, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրվի համայնքային կյանքում: « Դուք ինքներդ պետք է վերանայեք ձեր աշխատանքները և դրանք կազմակերպեք նորովի,որպեսզի զերծ մնաք նախկինում թույլ տրված բացթողումներից ու սխալներից: Վերանայեք համայնքապետարանների ուռճացված հաստիքները և հավաքագրված միջոցները ուղղեք համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Կարծում եմ, որ համայնքի ղեկավարը հարգանք վայելող անձ է, և հիմա ամենալավ ժամանակն է, որ ձեր կատարած աշխատանքներով ավելի մեծացնեք ձեր կշիռը հանրության աչքում»,- նշեց Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյանն այնուհետև անդրադարձավ Գավառի տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: « Մենք նմանատիպ քննարկումներ ունեցել ենք մարզի բոլոր տարածաշրջաններում: Գավառի տարածաշրջանի մի շարք համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը ցածր է, իսկ այդ ցուցանիշը բարձրացնելու նպատակով դուք ունեք շատ քիչ ժամանակ: Այս ուղղությամբ ամենաարդյունավետ ժամանակահատվածը նոյեմբեր ամիսն է, որին արդեն հաջորդում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և տարեմուտի տոները, ուստի դուք պետք է գործադրեք առավելագույն ջանքեր, որպեսզի եկամուտները հավաքագրեք ամբողջությամբ»,- հրահանգեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում նախատեսվում է հրավիրել տնտեսական համաժողով, որին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից արտերկրում բնակվող կամ տեղացի գործարարներ: Համաժողովի տեսանելի արդյունքն ապահովելու համար մարզպետն առաջարկեց ներկայացնել համայնքային զարգացման ծրագրեր, որոնք հետաքրքրություն կներկայացնեն ներդրողների համար:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառի տարածաշրջանի համայնքների հետ քննարկեց նաև համայնքային բնույթի այլ թեմաներ, կոչ արեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպել և անցկացնել օրենքի տառին համապատասխան: