Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ

02.11.2018

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում գործող պետական միակ բուհի անցած 25 տարիների ճանապարհը, արձանագրված ձեռքբերումները, դերն ու նշանակությունը մարզի կրթամշակութային ու տնտեսական կյանքում, միջազգային ճանաչումն ու համագործակցությունը, ապագային միտված զարգացման ծրագրերը:
«Գավառի պետական համալսարանը քսանհինգ տարիների ընթացքում հասել է տեսանելի հաջողությունների՝ կյանք ճանապարհելով ավելի քան 7 հազար շրջանավարտների, ովքեր աշխատում ու աչքի են ընկնում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Մենք համագործակցում ենք արտասահմանյան 70 ճանաչված բուհերի հետ, ստեղծել ենք բարձրագույն կրթության համար ամենաժամանակակից պայմանները, ունենք պրոֆեսորադասախոսական բարձրակարգ անձնակազմ, բնագիտական լաբորատորիա, պատմագիտական թանգարան: Վստահեցնում եմ, որ Գավառի պետական համալսարանը պատրաստում է բազմագրագետ մասնագետներ, ովքեր հաջող քննություն են բռնում մասնագիտական աշխատանքում»,-ներկայացրեց Ռուզաննա Հակոբյանը:
Միաժամանակ ԳՊՀ ռեկտորը մարզպետին առաջարկեց՝ Գեղարքունիքի մարզպետարանի և բուհի միջև կնքել համագործակցության հուշագիր, որը մի կողմից ավելի կամրապնդի ու կխորացնի համագործակցությունը մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մյուս կողմից էլ կնպաստի Գավառի պետական համալսարանի դերի ու նշանակության բարձրացմանը, ԳՊՀ-դպրոցներ կապի հաստատմանը և զարգացմանը: «Մենք կարող ենք մեր մարզի հանրակրթական հաստատություններին համագործակցության զանազան ծրագրեր առաջարկել, ինչ համար ունենք բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները: Ունենք բնագիտական լաբորատորիա, որտեղ կարող են բնագիտական առարկաների դասաժամեր անցկացնել մեր դպրոցականները: Ունենք պատմագիտական թանգարան, որտեղ մանկավարժները և աշակերտները կարող են ծանոթանալ մեր մարզի պատմագիտական հարուստ ժառանգությանը: Նույնիսկ առաջարկում ենք, որ բարձր դասարանների աշակերտները մասնակցեն դասախոսությունների, որպեսզի ստանան մասնագիտական կողմնորոշում, և, ինչու ոչ, ցանկանան համալրել մեր ուսանողների շարքերը: Մենք կարող ենք կազմակերպել մանկավարժական կադրերի, քաղաքացիական ու հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացներ: Համագործակցության շրջանակն անչափ ընդգրկուն է, հուշագրի ստորագրումը՝ անհրաժեշտ»,-հավելեց ռեկտորը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, բարձր գնահատելով Գավառի պետական համալսարանի դերն ու նշանակությունը մարզի կյանքում, հավաստիացրեց, որ իր կողմից ընդունելի է համագործակցության ու աջակցության ցանկացած առաջարկ, ինչը նպաստելու է հանրակրթության զարգացմանը, կրթամշակութային դաստիարակության առաջընթացին: «Ես Գավառի պետական համալսարան այցելել եմ հաճախակի և տարբեր առիթներով: Հիմա շատ նկատելի առաջընթաց եմ տեսնում այստեղ բոլոր առումներով, ինչը չի կարող չուրախացնել, քանի որ այդ դրական փոփոխությունները միտված են մեր երկրի կրթության զարգացմանն ու որակի բարձրացմանը: Այս բուհը ոչ միայն մրցունակություն ապահովող բուհ է, այլ նաև՝ մարզի համար մեծ կարևորություն ունեցող:Բոլորիս էլ պարզ է, թե մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալը տվյալ ուսանողի ընտանիքից ինչ մեծ ծախսեր է խլում, մինչդեռ տեղում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ընտանիքները նկատելի գումարներ խնայելու հնարավորություն են ստանում: Այնպես որ, ձեր հաստատությունը բարձրագույն կրթություն ապահովելուց զատ մարզում նաև սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Մենք համալսարանի հետ պատրաստ ենք լայն համագործակցության, ու արձագանքելու ենք ձեր կողմից եկած ցանկացած առաջարկի»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետը միաժամանակ արժևորեց ուսանողության և երիտասարդության տեղն ու դերը Նոր Հայաստանում կատարված հեղափոխական կյանքում: «Ես միշտ բարի նախանձով էի նայում զարգացած երկրների ուսանողությանն ու երիտասարդությանը, ովքեր ակտիվ դերակատարություն ունեն իրենց երկրի կյանքում: Սակայն այսօր կարող եմ ուրախությամբ ասել, որ մեր ուսանողությունը, մեր երիտասարդությունը շատ հզոր ուժ են իրենցից ներկայացնում: Կանցնի մի ժամանակ, և բոլորս կհամոզվենք, որ դուք պատմական այն սերունդն եք, որը ոչ միայն ականատեսը եղավ մեծ հեղափոխության ու արմատական փոփոխությունների, այլ նաև՝ դրա անմիջական մասնակիցը: Աշխարհի հանրաճանաչ բուհերում դեռ Հայաստանի մասին դասախոսություններ կկարդան այն մասին, թե ինչպես եղավ, որ Հայաստանի հեղափոխությունից ոչ մի բնակիչ չտուժեց, ինչպես այն եղավ առանց արյունահեղության ու քաղաքացիական պատերազմի, առանց տնտեսական կոլապսի, ու փոխարենը բարձրացավ Հայաստանի միջազգային հեղինակությունը: Այդ մասին բարձրաձայն ու առանձնահատուկ կասեն, քանի որ մինչ այժմ եղած բոլոր հեղափոխություններն աշխարհում ուղեկցվել են արյունահեղությամբ, տնտեսական անկումներով, բացասական այլ գործոններով: Համոզված եղեք, որ մենք կհաղթահարենք նաև արտահերթ ընտրությունների փուլը և հուսալիորեն առաջ կընթանանք դեպի զարգացած հասարակություն ու բարեկեցություն»,-ուսանողներին դիմեց մարզպետը:
Այնուհետ Գնել Սանոսյանը պատասխանեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաբովանդակ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մարզում կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության,մշակույթի, բնապահպանության, դպրոցաշինության, ճանապարհաշինության, կենսական նշանակության այլ ոլորտներում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը:
«Հաճելի ու բովանդակալից ժամեր անցկացրի ձեզ մոտ, բավականին ու արդյունավետ հանդիպում ստացվեց: Ձեզ հետ պատրաստ եմ քննարկել մարզի հիմնախնդիրները, լսել ձեր առաջարկությունները: Կարծում եմ, որ նման հանդիպումներ մենք կունենանք հաճախակի, որոնք շատ կողմերով կօգնեն՝ մեր առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելուն», -հանդիպումն ամփոփեց մարզպետը:
Հանդիպումից հետո ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ Գնել Սանոսյանն այցելեց ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան և համակարգչային դասասենյակ:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59