Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ

02.11.2018

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Մարտունու տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության կազմակերպման և ներհամայնքային ճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված խնդիրներին: «Այս պահի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը Մարտունու տարածաշրջանի համայնքներում գոհացուցիչ է, բացառությամբ Ծովասար, Ծովինար, Մադինա և Արծվանիստ համայնքների: Կարծում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում այդ համայնքները ևս կբարելավեն իրենց ցուցանիշները: Սեփական եկամուտների հավաքագրման կատարողական բարձր ցուցանիշները հնարավորություն կստեղծեն, որպեսզի եկող տարի Մարտունու տարածքի համայնքներում ավելի շատ ներդրումներ կատարվեն թե՛ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, թե՛ այլ դոնորների հաշվին:Մարտունու տարածաշրջանը միշտ էլ աչքի է ընկել սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով, դրա համար էլ ուզում եմ վստահ լինել, որ այս տարում էլ կպահպանվեն այդ արդյունքները», -նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը կարևորեց արտերկրում Մարտունու տարածքի համայնքները ներկայացնող գործարարների մասնակցությունը մեր տնտեսության զարգացման, հայրենաշինական ծրագրերի ներգրավման գործում, որին հասնելու համար արդեն կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: «Մենք դրսում ունենք մարտունեցի գործարարների մեծ բանակ և ներուժ: Նրանք պատրաստակամ են՝ հայրենիքում ներդրումներ կատարելու, մեր տնտեսությունը զարգացնելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու, գործազրկությունն ու աղքատությունը հաղթահարելու համար: Այդ նպատակով էլ որոշել ենք առաջիկայում նրանց մասնակցությամբ տնտեսական համաժողով հրավիրել, որտեղ և կհստակեցնենք ու կկանոնակարգենք մեր առաջիկա անելիքները: Դրա համար առաջարկում եմ համայնքների ղեկավարներին՝ ներկայացնել զարգացման հստակ ու իրատեսական ծրագրեր, գաղափարներ ու առաջարկություններ, որոնք մենք պետք է կյանքի կոչենք համատեղ ուժերով»,-հրահանգեց Գեղարքունիքի մարզպետը:
Անդրադառնալով առանձին համայնքներում աղբահանության հետ կապված խնդիրներին՝ Գնել Սանոսյանն առաջարկեց մարզպետարան-համայնք համագործակցությամբ գտնել միջանկյալ ու ժամանակավոր լուծումներ, մինչև որ առաջիկայում գործողության մեջ կդրվի «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը» , որի արդյունքում մարզում կկարգավորվեն կենացաղային աղբի կառավարման հետ կապված բոլոր հիմնահարցերը:
Համայնքների ղեկավարները ներհամայնքային ճանապարհների ձմեռային բավարար սպասարկում ապահովելու համար խնդրեցին տրամադրել որոշակի նյութական կամ տեխնիկական աջակցություն: Գնել Սանոսյանը հավաստեց, որ այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են համապատասխան քայլեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15