Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Սևանի տարածաշրջանում

30.10.2018

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Քաղաքապետարանի շենքում մարզպետը ճանաչողական հանդիպում ունեցավ Սևան քաղաքի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս հակիրճ ներկայացրին իրենց համայնքներում կատարված աշխատանքները և առկա հիմնախնդիրները: Գնել Սանոսյանը բարձրացված խնդիրների լուծման հարցում ներկայացրեց իր դիտարկումները և առաջարկությունները:
Մարզպետն իր հանդիպման երկրորդ, կարևորագույն առիթը համարեց Սևանի տարածաշրջանի համայնքներում տեղական բյուջեների հավաքագրման հետ կապված հարցի քննարկումը:
«Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հարկավոր է բարձրացնել հնարավորինս սեղմ ժամկետում, մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, քանի որ առջևում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որին հաջորդում է տարվա ավարտը: Եկամուտների արդյունավետ հավաքագրման համար հարկավոր է ցուցաբերել ամենայն պատասխանատվություն և լինել շատ հետևողական: Սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը հնարավորություն կտա՝ համայնքներում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ, սուբվենցիոն տարաբնույթ ծրագրեր, որին պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությունը»,- դիմելով համայնքների ղեկավարներին՝ նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Սևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները թեև ներկայացրեցին մի շարք դրդապատճառներ՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ չապահովելու համար, սակայն հավաստիացրին, որ Սևանի տարածաշրջանը այդ ուղղությամբ միշտ էլ առաջատար է եղել և այս տարին էլ կաշխատի փակել բարձր արդյունքներով:
Համայնքների ղեկավարները մարզպետի հետ քննարկեցին սեփականաշնորհված հողերի չմշակման և այդ պատճառով վարձավճարների թերի գանձումների, հողատարածքների կոլեկտիվ մշակման, աղբահանության խնդիրների, գյուղատնտեսության և համայնքային նշանակության տարբեր թեմաների շուրջ: Մարզպետը և համայնքների ղեկավարները խոսեցին նաև համայնքներում իրատեսական բյուջե կազմելու և շիտակ ու արդյունավետ գործունեություն ծավալելու մասին:
«Ես ընդունում եմ բոլոր ներկայացված խնդիրները և դրանց լուծման միակ տարբերակը տեսնում եմ օրենքի և օրինականության դաշտում: Ասեմ նաև, որ մեր մարզը իսկապես գյուղատնտեսական և անասնապահական մեծ հնարավորութուններ ունի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ուղղությունները զարգացնենք: Ես մեկ նպատակ ունեմ՝ հասնել նրան, որ մարզում արտադրվի էկոլոգիապես մաքուր մթերք: Մենք պետք է հասնենք նրան, որ մարզում հնարավոր լինի որակյալ գյուղմթերք արտադրել՝ առանց ազոտական պարարտանյութերի կամ թունաքիմիկատների օգտագործման, քանզի մենք ունենք Սևանա լիճ, որը պիտի զերծ մնա ամեն տեսակ աղտոտումներից»,- ասաց Գնել Սանոսյանը:
Սևանի քաղաքապետարանում Գեղարքունիքի մարզպետը կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն: Առողջական, սոցիալ-տնտեսական, ֆինանսական, կենցաղային և այլ բնույթի խնդիրներով մարզպետին ներկայացրած դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, որոնց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
Սևան քաղաքում ունեցած շրջայցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքներին: Շինարարության պատասխանատուների ներկայացմամբ՝ ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Սևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով: Աշխատանքները կավարտվեն հաջորդ ամսվա ընթացքում:
Այցի ավարտին Գնել Սանոսյանը դիտարկեց Երևան-Սևան- Իջևան միջպետական նշանակության ճանապարհի 64-67-րդ կիլոմետր հատվածում օրերս մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման աշխատանքները: Շինարարների հետ ունեցած զրույցում մարզպետը հորդորեց՝ առավել ուշադրություն դարձնել շինարարության որակի ապահովմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52