Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի ներկայացուցիչներին

30.10.2018

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որոնց իրականացման հարցում անմասն չէ նաև Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամուտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար: Այստեղ կարևորվում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների կառավարման և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև երիտասարդների ներգրավումը ծրագրերի իրականացման գործում:
Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրին մարզում իրենց կողմից ընտրված այն ծրագրերը, որոնցում   նախատեսել են ներդրումներ կատարել և դրանք հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար:
«Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք տուրիզմի զարգացման կենտրոն, որտեղ «սերվիս» բաժինն ավարտած ակտիվ երիտասարդները, կարող են համագործակցել մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի հետ՝ կյանքի կոչելով մարզում տուրիզմի և զբոսաշրջության զարգացման տարաբնույթ ծրագրեր: Այս տարի ծրագիր ենք իրականացնում մարզի յոթ համայնքներում: Նախատեսել ենք ներդրումներ կատարել Արծվաքարի պանրի արտադրամասերում, որտեղ մարդիկ կարող են համտեսել գինու մեջ հասունացրած, կոնյակով հասունացրած, հորած և պարմեզան տիպի պինդ պանիրներ, Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում ստեղծում ենք գորգերի թանգարան, որտեղ այցելուները կարող են տեսնել տարբեր ժամանակների գորգեր, տուրիստների հոսք ապահովել Կալավան և Դրախտիկ համայնքներում՝  ստեղծելով հետիոտնային ճանապարհ, նախատեսում ենք մարզը ներկայանալի դարձնել նաև մեղվաթերապիայով՝ Ճամբարակի տարածքի Մարտունի համայնքում զբոսաշրջիկներին առաջարկելով ծաղկափոշի, բոռի կաթ, մեղվակաթ և ակնամոմ, ինչպես նաև՝ էկոլոգիական ազդեցությամբ դեկորատիվ մոմեր »,- նշեց «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի՝ երիտասարդների առջխաղացման արահետ» բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանը:
«Ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը ունի նման համագործակցության հնարավորություն և դրա խորացման համար առկա են բոլոր հիմքերը: Մենք ձգտում ենք, որ մեր մարզում հնարավորինս արագ և արդյունավետորեն զարգացնենք տուրիզմը, ինչպես նաև մարզը ճանաչելի դարձնենք էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրության առումով: Այստեղ շատ կարևոր է նաև ձմեռային տուրիզմի զարգացումը, որի համար ակնկալում ենք, որ մեր երիտասարդ ակտիվիստները կներկայացնեն համապատասխան ծրագրեր: Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպման ընթացքում «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի ղեկավար Լիանա Դոյդոյանը առաջարկեց մարզում կազմակերպել հանդիպում՝ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի, մարզպետարանի ներկայացուցիչների և համայնքային ակտիվի հետ, որտեղ քննարկումների միջոցով հնարավոր կլինի վեր հանել մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց զարգացումը: Գնել Սանոսյանն առաջարկեց հանդիպումը կազմակերպել նոյեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59