Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /22.10-28.10.2018թ/

29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտացնելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնության մասին, որի ընթացքում կկատարվի նաև Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը:
«Գավառի թատրոնը կարևոր դերակատարություն ունի մարզում մշակութային կյանքի աշխուժացման գործում, և ես համոզված եմ, որ թատրոնի կանոնավոր գործունեությունը կշտկի մշակութային կյանքի համեմատաբար իներտ վիճակը», - նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինի գլխավորած պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է՝ երկու երկրների միջեւ հաստաված բարեկամությունն ու համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու, Գեղարքունիք-Սարատով ապագա համագործակցության հաստատման համար:
Շնորհավորելով Գնել Սանոսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ՝ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ երկուստեք նախապատրաստվող համագործակցությունը համատեղ ջանքերով կդրվի գործնական հողի վրա: «Մենք Հայաստանում ենք Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցելու շրջանակում, եւ, օգտվելով առիթից, նպատակահարմար գտանք՝ նախապատրաստական այս հանդիպումով քննարկել ու նախապատրաստել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը ծրագրվել է 2019 թվականի գարնան համար: Սարատովի նահանգում բնակվում են 80-ից ավելի ազգություններ, սակայն նրանց մեջ առավել ակտիվ է 45 հազարանոց հայկական համայնքը, որն աչքի է ընկնում կրթության, մշակույթի, սպորտի, շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության ու ձեռնարկատիրության ոլորտներում: Մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք հայկական համայնքի հետ», -նշեց ՌԴ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին կարեւորեց այն հանգամանքը, որ Սարատովի մարզի հայ համայնքի մի ստվար մասն էլ կազմում են Գեղարքունիքի մարզի բնակիչները:
Մարզպետը կարեւոր համարեց համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, տուրիզմի եւ բնապահպանության ոլորտներում: «Մենք մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտներում, որոնց զարգացումը պայմանավորված է առավելապես Սեւանա լճի հիմնախնդիրների լուծմամբ: Դուք գիտեք, որ Սեւանա լիճը համարվում է տարածաշրջանի երկրների համար խմելու ջրի անսպառ շտեմարան եւ բնապահպանական ու տնտեսական կարեւոր նշանակություն ունի, ուստի պետք է ամեն մի քայլ շաղկապել Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման հետ: Մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք՝ մսամթերք, ձկնեղեն, բանջարեղեն: Կարող ենք Սարատովից ներմուծել այն ապրանքները, որոնք առաջնահերթ ու կարեւոր նշանակություն կունենան մեր տնտեսության, մեր բնակչության համար»,-հավելեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզպետը շրջայց կատարեց թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացավ շենքի տեխնիկական և գույքային հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին:
Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում թատրոնի կոլեկտիվի անդամները ներկայացրին այն ցանկը, որոնք կբեմականացվեն առաջիկայում: Նրանք բարձրացրին նաև դերասանական երիտասարդ կադրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի համալրման անհրաժեշտության խնդիրը:
Շրջայցից հետո Գնել Սանոսյանն ընթացիկ հարցերի շուրջ առանձնազրույց ունեցավ դերասանական անձնակազմի հետ, որին մասնակցում էր նաև Հ. Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, Գավառի թատրոնի լավագույն բարեկամ Երվանդ Ղազանչյանը: «Ուրախ եմ այս հաճելի կառույցում գտնվելու և ձեզ հետ հանդիպելու համար: Ես թատրոնի սիրահար եմ և կարծում եմ, որ ինձ հնարավորություն կընձեռվի՝ հաճախակի այցելել թատրոն: Թատրոնը միայն թատրոն չէ, այն ունի նաև դաստիարակչական մեծ դերակատարություն մեր կյանքում, և թատրոն մուտք գործող անձը չի կարող անտարբեր մնալ մշակութային կյանքի անցուդարձին: Արվում է հնարավորը, որ մշակույթի աշխարհում գործող մարդը մտածի միայն մշակութային կյանքի զարթոնքի մասին»,-նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց «Եվրոպական Միությունը հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ մեկնարկել է 2018 թվականի փետրվարից: «Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրային թիմը հանդիպումներ է ունեցել երեք թիրախային մարզերի մարզպետների և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ և ներկայացրել ծրագիրը՝ հաստատելով համագործակցություն: Կազմակերպվել են հանրային քննարկումներ մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, կրթական ոլորտի, մարզային թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանրային քննարկումների ժամանակ յուրաքանչյուր մարզում մասնակիցները առանձնացրել մի քանի բնակավայրերի խումբ, որոնք ունեն զբոսաշրջության զարգացման ներուժ: Գեղարքունիքի մարզում ընտրվել է «ՍԵԳԱՄԱ» կլաստերը, որը ներառում է Սևան, Լճաշեն, Գավառ, Նորատուս, Մարտունի, Մադինա բնակավայրերը»,-կատարված աշխատանքների մասին զեկուցեց Էսթեր Հակոբյանը։
Մարզպետ Գնել Սանոսյանը, հայտնելով իր աջակցությունը, միաժամանակ կարեւորեց ծրագրից ակնկալվող արդյունքը:
«Այն, ինչը կարող է նպաստել համայնքային կյանքի եւ տնտեսության աշխուժացմանը, կստանա մեր ամենալայն աջակցությունը: Մենք ակնկալելու ենք միայն տեսանելի արդյունքներ, որոնք բերելու են տուրիզմի զարգացմանը, բնապահպանական խնդիրների կարգավորմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Ամեն ինչ մեզ համար պետք է լինի հստակ եւ տեսանելի», -նշեց մարզպետը:

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: Բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաև՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները:
Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը և բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որևէ դժգոհության: « Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երևա նաև ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսևորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիներն առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Աշխատեք ազատվել ավելորդ, ձևական հաստիքներից, փոխարենը խրախուսեք որակյալ աշխատանք կատարողներին, անընդհատ բարձրացրեք բուժսպասարկման որակը», - հանձնարարեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Հոկտեմբերի 25-ին Ճամբարակի երաժշտական դպրոցում նշվեց դպրոցի հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանական արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Ճամբարակի տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցի ներկա և նախկին տնօրեններ, ուսուցիչներ ու սաներ: Բացվեց դպրոցի 50-ամյակը կրող հուշատախտակը, ապա դահլիճում մեկնարկեց հանդիսավոր արարողությունը: Ճամբարակի երաժշտական դպրոցն ունի գործիքային տարբեր և երգ-երաժշտության բաժիններ, մանկավարժների թիվը 8-ն է, սաների թիվը՝ 65: Դպրոցն ունի մասնագետ մանկավարժների պակաս, որը փորձում են լրացնել մարզի երաժշտական հաստատություններն ավարտած մասնագետների ուժերով: Անհրաժեշտություն կա թարմացնել նաև օգտագործվող երաժշտական գործիքների կազմը, որին աջակցել և փորձում են աջակցել տարբեր կազմակերպություններ: Հանդիսության ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության կրթության աջակցության հիմնադրամի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները հոբելյանի առթիվ Ճամբարակի երաժշտական դպրոցին հանձնեցին հիմնադրամի շնորհավորական ուղերձը:
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Համայնքապետարաններում մարզպետը հանդիպումներ ունեցավ խոշորացված համայնքների ղեկավարների և դրանցում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Նրանցից յուրաքանչյուրը մարզպետին ներկայացրեց իր ղեկավարած համայնքում կամ բնակավայրում տիրող իրավիճակը, կատարված աշխատանքները, հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, խոսեց համայնքային բնույթի այլ թեմաների մասին: Գնել Սանոսյանը բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով, խոստացավ առավել ընդգրկուն խնդիրները քննարկել և ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լուծման համապատասխան տարբերակ մշակելու նպատակով: Իր դիտարկումներում Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև նշված տարածաշրջանում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշին, որը, ըստ մարզպետի, նախորդ տարվա համեմատ ավելի է նվազել:

Հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վերին Գետաշեն, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք և Գեղամասար համայնքներ: Վերին Գետաշենում մարզպետը ծանոթացավ թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված արտակարգ իրավիճակին, որն առաջացել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան: Ուժեղ քամին պոկել ու ամբողջությամբ ցած էր նետել դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը: Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետներում գտնել ժամանակավոր ու արդյունավետ լուծում, մինչև որ օրենքով սահմանված ընթացակարգով կձեռնարկվի մասնաշենքի տանիքի տեղադրումը:
Մարտունի քաղաքում մարզպետը քաղաքապետի ուղեկցությամբ դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքները հինգ փողոցներում, որոնք իրականացվել են այս տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրերով:
Աստղաձորում Գնել Սանոսյանը ծանոթացավ տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին և տանիքի հիմնանորոգման խնդրին, որը նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին:
Վարդենիկում մարզպետն այցելեց «Սարերի բարիք» ձեռնարկություն և թիվ 1 հիմնական դպրոց: «Սարերի բարիք» ձեռնարկությունում, ինչպես ներկայացրեց ձեռնարկատեր Արտուշ Խաչատրյանը, որոշակի առաջընթաց ու ձեռքբերումներ են նկատվել թե աշխատատեղերի ստեղծման, թե արտադրության տեսականու ավելացման, նոր նախաձեռնությունների ներդրման առումներով: Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետին ներկայացվեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին:Վարդենիկի համայնքապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակազմի հետ՝ քննարկելով մի շարք ընթացիկ հարցեր:
Ներհամայնքային կենտրոնական ճանապարհի անբարեկարգ վիճակին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ Արծվանիստ գյուղում: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ մոտ 3,5 կիլոմետր երկարություն ունեցող կենտրոնական ճանապարհը չի հիմնանորոգվել մի քանի տասնամյակ վաղեմությամբ և շահագործվում է մեծ դժվարությամբ:
Ակունքի միջնակարգ դպրոցում որպես առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր ներկայացվեց շենքի ջեռուցման համակարգի անկանոն աշխատանքը, որի վերացման համար հարկավոր է կատարել վերակառուցում հաստատության տնտեսած միջոցների հաշվին:
Վարդենիսի և Գեղամասարի համայնքապետարաններում Գնել Սանոսյանը ճանաչողական հանդիպումներ ունեցավ և խորհրդակցություններ անցկացրեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև՝ Վարդենիս և Գեղամասար խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Մարզպետը նրանց կոչ արեց՝ դրսևորել բավարար պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, ամբողջությամբ հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները, դրանք ծախսել նպատակային ու արդյունավետ, գործել միայն պարտքի գիտակցումով, օրենքի և օրինականության դաշտում: «Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ մեր հայրենիքի վերաշինման գործում ինքը մեծ դեր ունի: Իսկ մենք պետք է հաշվի նստենք նոր իրողությունների հետ, գործենք նորովի, հասկանանք, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդու հոգսը ընդհանուրիս հոգսն է: Տարբեր գերատեսչություններում ստացվող դիմումների մեծ քանակությունը փաստում է, որ տվյալ համայնքի իշխանությունը մատնված է անգործության: Ձեր ղեկավարած համայնքներում անչափ շատ են կուտակված հիմնախնդիրները»,-ներկաներին դիմեց մարզպետը:
Վարդենիս քաղաքում Գնել Սանոսյանն այցելեց առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվող շինարարության վայր՝ տեղում կասեցնելով ապօրինի շինարարության դեպքը:

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Մարտունի քաղաքի մշակութային տարբեր հաստատություններում: Մարզպետն այցելեց Մարտունիում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոն, որտեղ հաճախում են Մարտունու տարածաշրջանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանց հետ Գնել Սանոսյանը մասնակից եղավ «Արվեստը դռներն է բացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը եղավ Մարտունու մշակույթի տանը ստեղծված «Արցախյան ազատամարտի մասնակիցների փառքի անկյուն» հուշասրահում, ծանոթացավ ցուցանմուշներին, մասնակցեց ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում բացված «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը կրող ցուցահանդեսին: Այստեղ ցուցադրված նմուշները հիմնականում թավշյա հեղափոխության ժամանակ արված լավագույն լուսանկարներից էին:
Գնել Սանոսյանը շնորհավորեց ներկաներին, նշելով, որ թավշյա հեղափոխությունից հետո դրված հիմքերը ավելի տեսաների և շոշափելի կլինեն մոտ ապագայում:
«Այն փոփոխությունները, որոնք դրվում են թավշյա հեղափոխությունից հետո, նպաստում են մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Ուստի ես շատ եմ կարևորում հեղափոխությունը , շնորհավորում բոլորիս և հավատում, որ քիչ ժամանակ անց մենք կտեսնենք, որ ոչ միայն պատմական մի կարևոր ժամանակաշրջանի ականատեսն ենք եղել, այլ նաև՝ մասնակիցը»,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ցուցահանդեսին հաջորդեց քննարկումը: Այն կրում էր «Սպասումներ հեղափոխությունից, բարեփոխումներ առողջապահության ոլորտում, պայքար կոռուպցիայի դեմ» խորագիրը:

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ 28-ին, մայրաքաղաքի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ: Ճանաչողական այցը սկսվեց Նորատուսի խաչքարերից: Ողջունելով ճանաչողական այցի նախաձեռնողներին ու մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց հայրենագիտության արմատավորումը մատաղ սերնդի հոգիներում, որը հիմնավոր ճանապարհ է հարթում դեպի հայրենասիրություն, ազգային ու համամարդկային արժեքների յուրացում: Նախաձեռնությունը ողջունեց նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի բաժնի պետը: Նորատուսի պատմական գերեզմանոցում մանկավարժները և աշակերտները մանրամասնորեն դիտեցին խաչքար-տապանաքարեր, հուշարձանի տարածքում իրականացրին սանմաքրման աշխատանքներ:
Ճանաչողական այցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ աշխատակիցները ներկայացրին թանգարանում պահպանվող պատմամշակութային բացառիկ հավաքածուները, մարզի՝ քարե դարից մինչև մեր օրերը ձգվող հարուստ պատմությունը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա պատարագին:
Այնուհետ նրանք այցելեցին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք և Գեղարքունիքի մարզպետարան:
Ճանաչողական այցի ամենահետաքրքրիր, մասը, թերեւս, նախատեսված ծառատունկն էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տարածքում: Մայրաքաղաքի թիվ 106 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները մեկական ծառ տնկեցին՝ ի նշանավորում իրենց ուղևորության և Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցի հետ բարեկամական կապի սկզբնավորման: Ծառատունկից հետո ուսուցիչներն ու աշակերտներն այցելեցին Հայրավանք ու Սևանի թերակղզու վանական համալիր, նավով զբոսանք կատարեցին Սևանա լճի վրա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36