Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցի աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ

29.10.2018

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը մայրաքաղաքի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ: Դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանի և 9-րդ դասարանի դասղեկ Ալինա Սահակյանի նախաձեռնությանն արձագանքել էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կարեն Բայրամյանը:
Ճանաչողական այցը սկսվեց Նորատուսի խաչքարերից: Ողջունելով ճանաչողական այցի նախաձեռնողներին ու մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց հայրենագիտության արմատավորումը մատաղ սերնդի հոգիներում, որը հիմնավոր ճանապարհ է հարթում դեպի հայրենասիրություն, ազգային ու համամարդկային արժեքների յուրացում: «Դուք գիտեք, որ ադրբեջանցիների կողմից Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից հետո Նորատուսի պատմական գերեզմանոցը Հայաստանում մնում է ամենամեծը, որտեղ պահպանվում են հարյուրավոր բարձրարվեստ ու գեղաքանդակ խաչքար-տապանաքարեր, որոնցից յուրաքանչյուրը պատմամշակութային անկրկնելի արժեք ունի, և դրանց պահպանությունը բոլորիս ամենօրյա խնդիրը պիտի լինի: Ծանոթանալով մշակութային այդ գանձերին՝ դուք ավելի կհարստացնեք ձեր գիտելիքները, ավելի կսիրեք ձեր հայրենի եզերքը: Այսօր դուք կլինեք նաև Գեղարքունիքի մարզի այլ տեսարժան վայրերում, կզմայլվեք պատմության ու բնության սքանչելի հուշարձաններով և կարծում եմ, որ գիտելիքների պաշարով հարստացած տուն կվերադառնաք»,-դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին ոգևորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նախաձեռնությունը ողջունեց նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի բաժնի պետը: «Գեղարքունիքի մարզը հարուստ է պատմության ու բնության հուշարձաններով, որոնցից մեկն էլ Նորատուսի պատմական գերեզմանոցն է, որտեղ պահպանվում են մեր ժողովրդի պատմաճարտարապետական արվեստի գլուխգործոցները: Կարծում եմ, որ նման ուղևորությունների կազմակերպումը լավագույն ձևերից մեկն է՝ մատաղ սերնդին հասու դարձնելու հայրենագիտության գաղտնիքներին»,-նշեց Կարեն Բայրամյանը:
Նորատուսի պատմական գերեզմանոցում մանկավարժները և աշակերտները մանրամասնորեն դիտեցին խաչքար-տապանաքարերը, տպավորվեցին քանդակներով ու նախշերով, դրանց շուրջ պահպանվող ավանդազրույցներով, հուշարձանի տարածքում իրականացրին սանմաքրման աշխատանքներ:
Ճանաչողական այցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ աշխատակիցները ներկայացրին թանգարանում պահպանվող պատմամշակութային բացառիկ հավաքածուները, մարզի՝ քարե դարից մինչև մեր օրերը ձգվող հարուստ պատմությունը: Ուսուցիչներին ու աշակերտները ծանոթացան քարե հնագույն գործիքներին, խեցեգործական ու գորգագործական արվեստներին, Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի թողած Սեպագիր արձանագրությանը, որն ազդարարում է քաղաքի հիմնադրման մասին Ք.Ա. 732 թվականին, Հայոց արքա Արտաշես Առաջինի արամեատառ հողաբաժան սահմանաքարերին, արհեստագործական իրերին, հին, միջնադարյան կամ ժամանակակից դրամներին, Գավառ քաղաքի նշանավոր մարդկանց փառքի անկյուններին, ավանդական հացատան տեսքին ու կենցաղային իրերին, այլ նյութական ու հոգևոր մշակույթ կրող արժեքների: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա պատարագին:
Այնուհետ նրանք այցելեցին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք և Գեղարքունիքի մարզպետարան:
Ճանաչողական այցի ամենահետաքրքրիր, մասը, թերեւս, նախատեսված ծառատունկն էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տարածքում: Մայրաքաղաքի թիվ 106 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները մեկական ծառ տնկեցին՝ ի նշանավորում իրենց ուղևորության և Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցի հետ բարեկամական կապի սկզբնավորման: «Ծառատունկն իր բացառիկ խորհուրդն ունի: Հայաստանում այնքան շատ են հատված անտառները, որ այլևս հատելու տեղ չի մնացել, ուստի իրավիճակը հարկավոր է շտկել մշտական ծառատնկումներով, հետագա խնամքով, եթե, իհարկե, մենք ուզում ենք սիրել ու պահպանել բնությունը: Իսկ բնապահպանական դաստիարակության արդյունավետ ձեւերից մեկն էլ ծառատունկն է, որն ավելի կպարտավորեցնի մատաղ սերնդին», -նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ծառատունկից հետո ուսուցիչներն ու աշակերտներն այցելեցին Հայրավանք ու Սևանի թերակղզու վանական համալիր, նավով զբոսանք կատարեցին Սևանա լճի վրա:
Այցի ավարտին իրենց տպավորություններով կիսվեցին «Վարդանանց ասպետներ» դպրոցի ներկա և նախկին տնօրենները:
«Գեղարքունիքի մարզը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ ես ծնվել ու մեծացել եմ Մեծ Մասրիկում: Այդուհանդերձ, այս ճանաչողական այցը ևս մեկ անգամ հարստացրեց մեր հայրենաճանաչության ու հայրենագիտության շրջանակը, մեր աշակերտներին ավելի կապեց հայրենի երկրի արժեքներին, խորացրեց նրանց պատմական ու բնապահպանական գիտելիքները: Իսկ ծառատունկը սկզբնավորելու է մեր բարեկամությունը Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ: Մենք դեռ գալու ենք մեր տնկած ծառերի հետքերով»,-նշեց դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը:
«Անկրկնելի օր անցկացրինք Գեղարքունիքի մարզում: Տպավորություններս անսահման են թե պատմաճարտարապետական բազմակի ու բացառիկ հուշարձաններից, թե բնության անկրկնելի հուշարձաններից, առավելապես՝ Հայաստանի չքնաղագույն մարգարիտ համարվող Սևանա լճից: Ինձ առավել զարմացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հարուստ հավաքածուն: Ես համոզվեցի, որ Գավառի նման փոքր քաղաքն ունի խոշորոգույն քաղաքներին յուրահատուկ թանգարան, որտեղ ներկայացված են պատմական բոլոր դարաշրջանների ցուցադրությունները: Պատմամշակութային հսկայական ժառանգություն է պահպանվում այստեղ, որը պետք է յուրացվի սերունդների կողմից: Կարծում եմ, որ մեկ այցը շատ քիչ է, և մենք Գեղարքունիքում պետք է հաճախ լինենք՝ կենդանի ու բաց դասերի միջոցով բացահայտելու հայրենի բնության, մեր ժողովրդի կերտած հոգևոր արժեքների գաղտնիքները»,-նշեց դպրոցի նախկին տնօրեն Յուրի Ջիլավյանը:
Աշակերտներ Ջեսիկա Սանոսյանը, Նարե Միրզոյանը, Լեոն Սահակյանը իրենց հերթին նշեցին, որ ոչ մի ժամանակ չեն մոռանա Գեղարքունիքի մարզում անցկացրած բովանդակալից օրվա մասին:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13