Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների համայնքներ

27.10.2018

Հոկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վերին Գետաշեն, Մարտունի, Աստղաձոր, Վարդենիկ, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք և Գեղամասար համայնքներ: Վերին Գետաշենում մարզպետը ծանոթացավ թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված արտակարգ իրավիճակին, որն առաջացել էր հոկտեմբերի 25-ի առավոտյան: Ուժեղ քամին պոկել ու ամբողջությամբ ցած էր նետել դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը՝ 436 քառակուսի մետր մակերեսով:
Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մարզպետը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ սեղմ ժամկետներում գտնել ժամանակավոր ու արդյունավետ լուծում, մինչև որ օրենքով սահմանված ընթացակարգով կձեռնարկվի մասնաշենքի տանիքի տեղադրումը: «Տանիքի վերականգնման համար պետք է գտնենք համապատասխան միջոցներ, ինչը պահանջում է որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համարա հարկավոր է գտնել միջանկյալ ու ժամանակավոր լուծում, որպեսզի մի կողմից դասապրոցեսը չտուժի, մյուս կողմից էլ մասնաշենքը պաշտպանվի կաթոցներից»,-նշեց Գնել Սանոսյանը:
Մարտունի քաղաքում մարզպետը քաղաքապետի ուղեկցությամբ դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքները հինգ փողոցներում, որոնք իրականացվել են այս տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրերով, ինչի արդյունքում ասֆալտապատվել է 7720 քմ ճանապարհ, 1340 քմ մայթեր: Մարզպետը քաղաքապետի հետ քննարկեց նաև Մարտունի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորման հետ կապված մի շարք հարցեր:
Աստղաձորում Գնել Սանոսյանը ծանոթացավ տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին և տանիքի հիմնանորոգման խնդրին, որը նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին:
Վարդենիկում մարզպետն այցելեց «Սարերի բարիք» ձեռնարկություն և թիվ 1 հիմնական դպրոց: «Սարերի բարիք» ձեռնարկությունում, ինչպես ներկայացրեց ձեռնարկատեր Արտուշ Խաչատրյանը, որոշակի առաջընթաց ու ձեռքբերումներ են նկատվել թե աշխատատեղերի ստեղծման, թե արտադրության տեսականու ավելացման, նոր նախաձեռնությունների ներդրման առումներով: «Մենք հավաքում ենք մեր սարերի վայրի բանջարեղենը, աճեցնում բանջարեղենի ոչ ավանդական տեսակներ, հատապտուղներ, որոնք չորացնում կամ սառեցնում ենք՝ դրանք Հայաստանում կամ արտերկրում վաճառելու նպատակով: Ստեղծում ենք արտադրության ու պահեստավորման նոր տարածքներ, գրանցում նկատելի ձեռքբերումներ»,- ներկայացրեց ձեռնարկատերը: Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետին ներկայացվեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք նախատեսվում է իրականացնել հաստատության տնտեսված միջոցների հաշվին:Վարդենիկի համայնքապետարանում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակազմի հետ՝ քննարկելով մի շարք ընթացիկ հարցեր:
Ներհամայնքային կենտրոնական ճանապարհի անբարեկարգ վիճակին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ Արծվանիստ գյուղում: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ մոտ 3,5 կիլոմետր երկարություն ունեցող կենտրոնական ճանապարհը չի հիմնանորոգվել մի քանի տասնամյակ վաղեմությամբ և շահագործվում է մեծ դժվարությամբ:
Ակունքի միջնակարգ դպրոցում որպես առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր ներկայացվեց շենքի ջեռուցման համակարգի անկանոն աշխատանքը, որի վերացման համար հարկավոր է կատարել վերակառուցում հաստատության տնտեսած միջոցների հաշվին:
Վարդենիսի և Գեղամասարի համայնքապետարաններում Գնել Սանոսյանը ճանաչողական հանդիպումներ ունեցավ և խորհրդակցություններ անցկացրեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև՝ Վարդենիս և Գեղամասար խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Մարզպետը նրանց կոչ արեց՝ դրսևորել բավարար պատասխանատվություն աշխատանքի նկատմամբ, ամբողջությամբ հավաքագրել տեղական բյուջեների սեփական եկամուտները, դրանք ծախսել նպատակային ու արդյունավետ, գործել միայն պարտքի գիտակցումով, օրենքի և օրինականության դաշտում: «Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ մեր հայրենիքի վերաշինման գործում ինքը մեծ դեր ունի: Իսկ մենք պետք է հաշվի նստենք նոր իրողությունների հետ, գործենք նորովի, հասկանանք, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդու հոգսը ընդհանուրիս հոգսն է: Տարբեր գերատեսչություններում ստացվող դիմումների մեծ քանակությունը փաստում է, որ տվյալ համայնքի իշխանությունը մատնված է անգործության: Ձեր ղեկավարած համայնքներում անչափ շատ են կուտակված հիմնախնդիրները, իսկ սեփական եկամուտների հավաքագրման, հողի վարձակալության գումարների գանձման ցուցանիշներն՝ անչափ ցածր: Մինչ տարեվերջ մեզ շատ կարճ ժամանակ է մնում՝ իրավիճակը շտկելու համար, ուստի կոչ եմ անում՝ սեղմ ժամկետներում ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները, որպեսզի եկող տարում մենք կարողանանք այս տարածաշրջանում կյանքի կոչել սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր»,-ներկաներին դիմեց մարզպետը:
Տարբեր համայնքների կողմից բարձրացվեցին զանազան հիմնախնդիրներ՝ կապված ճանապարհաշինության, դպրոցաշինության, ոռոգման ու խմելու ջրի մատակարարման, նախադպրոցական հիմնարկների աշխատանքի և այլ հարցերի հետ: Պատասխանելով բարձրացված հարցերին՝ մարզպետը նշեց, որ դրանք արձանագրվում են իրենց կողմից, որոնք կուսումնասիրվեն լրացուցիչ և քայլ առ քայլ կստանան իրենց համարժեք լուծումները:
Վարդենիս քաղաքում Գնել Սանոսյանն այցելեց առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվող շինարարության վայր՝ տեղում կասեցնելով ապօրինի շինարարության դեպքը: Շինարարության պատասխանատուին մարզպետն առաջարկեց՝ մինչեւ համապատասխան փաստաթղթերի և շինթույլտվության ձեռքբերումը աշխատանքը չշարունակել:
Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզպետն այն գնահատեց հագեցած ու արդյունավետ: «Վեր հանված բոլոր հիմնախնդիրները կքննարկվեն կետ առ կետ ու կստանան իրենց համարժեք լուծումները, իսկ արդյունքները կլինեն տեսանելի: Մենք հավատով ենք լցված մեր աշխատանքի, մեր ուժերի, մեր վաղվա օրվա նկատմամբ», -հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39