Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակի երաժշտական դպրոցը 50 տարեկան է

26.10.2018

Հոկտեմբերի 25-ին Ճամբարակի երաժշտական դպրոցում նշվեց դպրոցի հիմնադրման 50-ամյակը: Հոբելյանական արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Ճամբարակի տարածաշրջանի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցի ներկա և նախկին տնօրեններ, ուսուցիչներ ու սաներ: Բացվեց դպրոցի 50-ամյակը կրող հուշատախտակը, ապա դահլիճում մեկնարկեց հանդիսավոր արարողությունը: Հանդիսավարն իր խոսքում մեծարանքի և երախտագիտության խոսքեր հնչեցրեց ուղղված՝ դպրոցի հիմնադիր տնօրեն Սաշիկ Գրիգորյանին և մնացած բոլոր չորս տնօրեններին:
«Վերջիններիս գործադրած ջանքերի, պրպտուն աշխատանքի և մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ դպրոցն ունեցել է լավագույն և շնորհալի սաներ, ովքեր իրենց ուսումն են շարունակել տարբեր երաժշտական հաստատություններում, տարբեր ստուգատեսերում արժանացել խրախուսանքի և մրցանակների: Ճամբարակի երաժշտական դպրոցն իր գործունեությունը չի դադարեցրել անգամ Արցախյան պատերազմի տարիներին, իսկ այսօր 50-ամյա դպրոցը հաջողություններ է գրանցում ժամանակի պահանջներին համընթաց», -նշեցին ելույթ ունեցողները:
Ճամբարակի երաժշտական դպրոցն ունի գործիքային տարբեր և երգ-երաժշտության բաժիններ, մանկավարժների թիվը 8-ն է, սաների թիվը՝ 65: Դպրոցն ունի մասնագետ մանկավարժների պակաս, որը փորձում են լրացնել մարզի երաժշտական հաստատություններն ավարտած մասնագետների ուժերով: Անհրաժեշտություն կա թարմացնել նաև օգտագործվող երաժշտական գործիքների կազմը, որին աջակցել և փորձում են աջակցել տարբեր կազմակերպություններ: Ճամբարակի համայնքային բյուջեից տրամադրված միջոցների հաշվին այս տարի կատարվել է դպրոցի շենքի արտաքին տեսքի մասնակի բարեկարգում: Ճամբարակի երաժշտական դպրոցին ցուցաբերած աջակցության համար դպրոցի տնօրենը շնորհակալական խոսքեր հղեց մի շարք բարերարների: Երաժշտական դպրոցի հոբելյանական տարեդարձի առթիվ ներկաներին ողջունեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Իսկապես հրաշալի առիթ է և ես շնորհավորում եմ բոլորիս 50-ամյա երաժշտական դպրոց ունենալու կապակցությամբ: Այս դպրոցը կերտել է հարուստ պատմություն, թողել անջնջելի հետքեր երաժշտական կրթության ոլորտում: Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք նաև այս դպրոցի հաջորդ 50 տարիների մասին, որպեսզի այն զարգանա նորովի և ամբողջովին համապատասխանի ժամանակակից պահանջներին: Պետք է մտածենք մեր քաղաքի մշակութային և համայնքային կյանքը բարելավելու մասին, հոգ տանենք, որպեսզի մշակութային յուրաքանչյուր հաստատություն իր նպատակին ծառայի, ծառայի իր երկրին, իր ժողովրդին, որպեսզի մեր սերունդները զարգանան մշակութային մթնոլորտում: Նման ձեռնարկները խթան կհանդիսանան, որպեսզի ճամբարակցիները էլ ավելի ամուր կապվեն իրենց հայրենի հողին: Եկեք սիրենք ու պահպանենք մեր մշակութային օջախները»,- իր խոսքում նշեց մարզպետը:
Հանդիսության ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության կրթության աջակցության հիմնադրամի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները հոբելյանի առթիվ Ճամբարակի երաժշտական դպրոցին հանձնեցին հիմնադրամի շնորհավորական ուղերձը: Ճամբարակի երաժշտական դպրոցի հիմնադրման և դպրոցում կատարած երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Ճամբարակի քաղաքապետարանի շնորհակալագրով և պատվոգրով խրախուսվեցին դպրոցի հիմնադիր տնօրեն Սաշիկ Գրիգորյանը, գործող տնօրեն Արմինե Խեչոյանը, մանկավարժներ և երաժշտական դպրոցի կոլեկտիվը: Հանդիսավոր արարողությունից հետո իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Ճամբարակի երաժշտական դպրոցի տարբեր բաժինների շնորհալի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27