Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում ընթացքի մեջ է «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագիրը

24.10.2018

Հոկտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանին: Գրասենյակի ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին մանրամասներ ներկայացրեց «Եվրոպական Միությունը հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ մեկնարկել է 2018 թվականի փետրվարից: Ծրագիրը բազմաբաղադրիչ է և իրականացվում է 4 կազմակերպությունների կողմից: «Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրային թիմը հանդիպումներ է ունեցել երեք թիրախային մարզերի մարզպետների և մարզպետարանի համապատասխան աշխատակիցների հետ և ներկայացրել ծրագիրը՝ հաստատելով համագործակցություն:Կատարվել են այցեր թիրախային մարզեր՝ ծանոթանալու տարբեր շահառուների հետ և գործընկերություն հաստատելու: Կազմակերպվել են հանրային քննարկումներ մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, կրթական ոլորտի, մարզային թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանրային քննարկումների ժամանակ յուրաքանչյուր մարզում մասնակիցները առանձնացրել մի քանի բնակավայրերի խումբ, որոնք ունեն զբոսաշրջության զարգացման ներուժ։ Այնուհետև ձևավորվել են մարզային բազմաշահառու խմբեր: Գեղարքունիքի մարզում ընտրվել է «ՍԵԳԱՄԱ» կլաստերը, որը ներառում է Սևան, Լճաշեն, Գավառ, Նորատուս, Մարտունի, Մադինա բնակավայրերը։ Զուգահեռ ձևավորվել է պրոֆեսիոնալ վերապատրաստողների խումբ։ Օգոստոսին անցկացվել է վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց․ ընտրված բոլոր թրեյներները վերապատրաստվել են մեծահասակներին ուսուցանելու մեթոդաբանության վերաբերյալ։ Հանդիպումներ են տեղի ունեցել կլաստերում ընդգրկված բնակավայրերի ՏԻՄ-երի հետ՝ ծրագիրը ներկայացնելու և բազմաշահառու խումբը համայնքների ներկայացուցիչներով համալրելու համար։ Հոկտեմբերին թիրախային մարզերում մեկնարկել են դասընթացները, որոնք կտևեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը։ Հաջորդ տարի գարնանը կհայտարարվեն ենթադրամաշնորհային մրցույթներ, որոնց կարող են դիմել դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ները։ Զուգահեռ այս տարի և մյուս տարվա սկզբին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կկազմակերպի դասընթացներ մարզային թանգարանների համար, և թանգարաններից մեկին կտրվի դրամաշնորհ՝ փորձագիտական աջակցություն մուլտիմեդիա ցուցադրություն ստեղծելու համար։ Երրորդ տարում կկազմակերպվեն փառատոններ և բացօթյա միջոցառումներ»,-կատարված աշխատանքների մասին զեկուցեց Էսթեր Հակոբյանը։
Մարզպետ Գնել Սանոսյանը, հայտնելով իր աջակցությունը, միաժամանակ կարեւորեց ծրագրից ակնկալվող արդյունքը:
«Այն, ինչը կարող է նպաստել համայնքային կյանքի եւ տնտեսության աշխուժացմանը, կստանա մեր ամենալայն աջակցությունը: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ իրականացված միջազգային շատ ծրագրերի վերջնական արդյունքները հաճախ եղել են կլոր սեղանները, կամ հանդիպումներն ու սեմինարները: Այս դեպքում մենք ակնկալելու ենք միայն տեսանելի արդյունքներ, որոնք բերելու են տուրիզմի զարգացմանը, բնապահպանական խնդիրների կարգավորմանը, աշխատատեղերի ստեղծմանը: Ամեն ինչ մեզ համար պետք է լինի հստակ եւ տեսանելի», -նշեց մարզպետը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի Հայաստանյան գրասենյակի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:49:29