Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /15.10-21.10.2018թ/

23.10.2018

Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում: Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում: «Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին, մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին, մեր սպայական կազմին ասենք, որ մարզը, մարզպետարանը եւ մարզպետը ցանկացած պահի պատրաստ են աջակցել, օգնել մեր զինվորներին»,-դիրքապահ հրամանատարին ու զինվորներին դիմեց մարզպետը:
Ապա Գնել Սանոսյանն այցելեց Վահան գյուղի Պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում եւ Արցախյան ազատամարտում զոհված վահանցի քաջորդիների շիրիմներին:
Վահանի մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ հաստատության պայմաններին եւ առօրյա խնդիրներին, նույն բնակավայրի աղբավայրի փակման աշխատանքներին, որոնք արդեն մոտենում են ավարտին, իրականացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ճամբարակ քաղաքում մարզպետն այցելեց զբոսայգու շինհրապարակ, որը վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզպետը նշեց, որ Ճամբարակը, որպես սահմանամերձ համայնք, մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:
Հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Ձորագյուղ համայնքի մուտքի կամարի բացման արարողությանը: «Ձորագյուղը մեր մյուս համայնքներից տարբերվում է երկու գլխավոր առանձնահատկությամբ: Այն բնակավայր է, որտեղ առավել հարգի են կրթությունն ու ավանդապաշտությունը: Այդ առանձնահատկություններն էլ նպաստում են ազգապահպանությանը, մեր պատմական հայրենիքի հետ կապված ամեն մի հիշողության ամրապնդմանը: Այս հուշարձանը, անշուշտ, կամրջում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան, ապրելու եւ արարելու ձգտումը: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր գործարարներին՝ գալ մարզ եւ ներդրումներ անել տարբեր բնագավառներում, շենացնել ու հզորացնել մեր երկիրը: Մենք կլինենք ձեզ աջակից ու քաջալերող: Շնորհավորում եմ բոլորիդ այս հուշարձանի բացման առթիվ, ինչը վերածվել է համաժողովրդական տոնի»,-հանդիսության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի Սարուխան, Երանոս, Դդմաշեն, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված բոլոր թեկնածուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:
Դիմելով համայնքների ղեկավարի թեկնածուներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաջողություն ցանկացավ նրանց՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների ընթացքում, հույս հայտնելով, որ համայնքներում ընտրական գործընթացը կանցնի օրենքի պահանջներին համապատասխան: « Ես հորդորում և միևնույն ժամանակ խնդրում եմ, որպեսզի համայնքներում քարոզարշավի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվեն գործող Սահմանադրության և օրենքի պահանջներին համապատասխան, զերծ՝ ցանկացած տեսակի անօրինական գործողություններից: Պետք է բացառել նախկինում թույլ տված բոլոր արատավոր երևույթները: Նոր Հայաստանում այլևս ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ պետք է անցկացվեն: Բոլոր պատասխանատու կառույցները ձեր կողքին են, և յուրաքանչյուր օրինախախտ կպատժվի օրենքով սահմանված կարգով: Եղեք խոհեմ, հավասարակշռված և քաղաքականությունը մի տեղափոխեք անձնական շահերի դաշտ», - թեկնածուներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Թեկնածուները հավաստիացրին մարզպետին, որ ամեն ինչ կարվի ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Կարմիրգյուղ համայնքում ,Սուրբ Վարվառա մատուռի հարեւանությամբ տեղակայված Արցախյան ազատամարտում զոհված կարմիրգյուղացիների եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: «Թող այլեւս չլինի պատերազմ, որպեսզի մենք այլեւս նման հուշարձանններ կառուցելու կարիքը չունենանք, այլ միայն տուն ու երկիր կառուցենք»,-ներկաներին դիմեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը: Բարերարները պարգևատրվեցին Կարմիրգյուղի գյուղապետարանի պատվոգրով: «Այժմ ունեմ երկակի զգացողություն՝ հուզմունք եւ հպարտություն: Հուզվում եմ անչափ, որ թանկագին մարդիկ է կորցրել մեր համայնքը, մեր հայրենիքը եւ միաժամանակ հպարտանում, որ նրանց մահը տարբերվում է մնացած բոլոր մահերից, քանի որ նրանք ընկել են հայրենի հողի պաշտպանության համար: Ուզում եմ երախտիքի խոսք ուղղել այս քաջերի ծնողներին ու համայնքի մանկավարժներին, որոնց դաստիարակության արդյունքն է եղել անձնազոհության բոլոր օրինակները: Իսկ այս հուշակոթողը պարտավորեցնում է մեզ, որ բոլորին հիշենք անուն առ անուն, որոնց շնորհիվ մենք այսօր կերտում ենք միանգամից հայկական երկու պետություն, այն դեպքում, երբ աշխարհում գոյություն ունեցող մոտ 5 հազար ժողովուրդներից հազիվ 200-ին է հաջողվել ստեղծել պետականություն»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Կարմիրգյուղում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նաև շրջայց կատարեց համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ծանոթացավ առկա խնդիրներին, ստեղծված պայմաններին և հնարավորություններին:
Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Արամ Թարվերդյանին:
«Այս նշանակումով ամբողջացավ մեր թիմը: Այսօր մարզպետի և տեղակալների միջև կկատարենք ոլորտների համակարգման վերաբաշխում: Սակայն, անկախ դրանից, մենք կաշխատենք միասնական ուժերով՝ միատեղելով մեր քաղաքական կամքը և ձեր աշխատանքային փորձն ու գիտելիքները»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետի նորանշանակ տեղակալ Արամ Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հայտնեց իր պատրաստակամությունը՝ մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի հետ նպատակասլաց և բովանդակային աշխատանք կատարելու համար:
Հոկտեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցեցին Սևան քաղաքի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
«Ուրախ եմ, որ հետայսու առողջապահական ամենատարբեր հարցերի դեպքում սևանցիներն այլևս շենքային պայմանների ու տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով չեն խուսափի հենց հայրենի քաղաքում բուժում ստանալուց ու հնարավորություն կունենան սպասարկվել բազմապրոֆիլ ու ժամանակակից հիվանդանոցում: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին նշեց, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: Արդիական բուժկենտրոնի բացման առիթով ներկաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Իհարկե շատ հաճելի առիթով ենք այստեղ հավաքվել և բացում ենք այնպիսի բժշկական համալիր, որտեղ այսուհետ մատուցվելու են ամենաբարձրորակ բժշկական ծառայությունները: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը կյանքի կոչող բոլոր կազմակերպություններին՝ ի դեմս ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի, որոնց ներդրումների և գործադրած ջանքերի շնորհիվ կյանքի կոչվեց հիվանդանոցի արդիականացման ծրագիրը: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում, որպեսզի այս բուժհաստատություն մարդիկ դիմեն միայն ամենասպասված առիթով՝ ծնունդների դեպքում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հավելենք, որ Սևանի բժշկական կենտրոնի շահագործման երկու օրերի ընթացքում այստեղ ծնվել է չորս երեխա:
Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տունն անվանակոչվեց հայ անվանի երգիչ, ծնունդով լճաշենցի Րաֆֆի Հովհաննիսյանի անունով:
Մշակույթի տան անվանակոչության արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արմեն Հովհաննիսյանը եւ ընտանիքի անդամներն ու հարազատները և այլք:
«Մշակույթի տան անվանակոչման շնորհիվ բոլորիս ուշադրությունն ավելի կսեւեռվի դեպի մշակույթը, դեպի արվեստը: Մարզում ունենք մշակութային կյանքի պակաս, եւ ես հավատացած եմ, որ նմանատիպ միջոցառումները մեզ կուղորդեն դեպի մշակութային կյանքի նոր հորզոններ: Ջերմագին բարեւներ եմ հղում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքին եւ հպարտանում, որ ունեմ նման հանրահռչակ համերկրացի, ով անուրանալի ավանդ է ներդրել հայ երգարվեստի հարստացման գործում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19