Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Սևան քաղաքի նորակառույց բժշկական կենտրոնի շենքը

20.10.2018

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր հոկտեմբերի 20-ին մասնակցեցին Սևան քաղաքի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Բժշկական հաստատության բացման խոսքում նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը մեծապես կարևորեց մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտեց, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:
«Ուրախ եմ, որ հետայսու առողջապահական ամենատարբեր հարցերի դեպքում սևանցիներն այլևս շենքային պայմանների ու տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով չեն խուսափի հենց հայրենի քաղաքում բուժում ստանալուց ու հնարավորություն կունենան սպասարկվել բազմապրոֆիլ ու ժամանակակից հիվանդանոցում: Մասնագետների վերապատրաստման միջոցով փորձ է արվել նոր որակ հաղորդել նաեւ մասնագիտական սպասարկմանը: Մեզ համար գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում եւ մարզերում, ու, հուսանք` սա մեր ամենալուրջ արդյունքներից մեկը կլինի»,-հայտարարեց Թորոսյանը:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրագործման ողջ ընթացքում ներդրված ջանքերի համար` թե Համաշխարհային բանկի, թե ԾԻԳ-ի, թե առողջապահության նախարարության նախկին ու այժմյան ներկայացուցիչներին: «Համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում մենք հայտարարելու ենք նաեւ Վանաձորի ու Արտաշատի նոր բուժկենտրոնների բացման մասին: Ընթացքում են եւս մի շարք քաղաքներում նոր բուժկենտրոնների կառուցման աշխատանքները»,-շեշտեց Թորոսյանը:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին նշեց, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: «Ես հպարտ եմ այն աջակցության համար, որի շնորհիվ Գեղարքունիքի բնակիչները 2000թ.-ից սկսած Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակներում ունեցել են 21 գյուղական ամբուլատորիա` կառուցված, վերանորոգված եւ հագեցած: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության, մարզպետերի, համայնքապետերի հետ` առավելագույնի հասցնելու Հայաստանի հպարտ մարդկային կապիտալում ներդրումների արդյունքները»,-ասաց Բոսութղոն:
Արդիական բուժկենտրոնի բացման առիթով ներկաներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Իհարկե շատ հաճելի առիթով ենք այստեղ հավաքվել և բացում ենք այնպիսի բժշկական համալիր, որտեղ այսուհետ մատուցվելու են ամենաբարձրորակ բժշկական ծառայությունները: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը կյանքի կոչող բոլոր կազմակերպություններին՝ ի դեմս ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի, որոնց ներդրումների և գործադրած ջանքերի շնորհիվ կյանքի կոչվեց հիվանդանոցի արդիականացման ծրագիրը: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում, որպեսզի այս բուժհաստատություն մարդիկ դիմեն միայն ամենասպասված առիթով՝ ծնունդների դեպքում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հավելենք, որ Սևանի բժշկական կենտրոնի շահագործման երկու օրերի ընթացքում այստեղ ծնվել է չորս երեխա:
ՀԲ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում` ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի կողմից Սևանի նոր բուժկենտրոնի կառուցումը մեկնարկել է 2016թ. օգոստոսի 3-ին, ավարտին հասցվել այս սեպտեմբերի սկզբին: Սա 32 մահճակալանոց բազմապրոֆիլ հիվանդանոց է` թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով և ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտրաձայնային հետազոտման սարք, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, անզգայացման սարք, դեֆիբրիլյատոր, ժամանակակից լաբորատոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է:
ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրով Սևանի ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 275,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոցներից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1 մլրդ 20.6 մլն դրամ (80%):
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 47մլն դրամ,
- Մասնաշենքի կառուցում` 895.5 մլն դրամ,
- Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում,
անձնակազմի ուսուցում` 275.5 մլն դրամ,
- Բժշկական կահույքի մատակարարում` 57.7 մլն դրամ:
Սևանում նոր արդիականացված ԲԿ ունենալու ծրագիրը կառավարությունը հաստատել է 2006-ին ընդունված, 2015-ին փոփոխված որոշմամբ, ըստ որի` Սևանի հիվանդանոցը և Սևանի պոլիկլինիկան միացվում են` դառնալով Սևանի ԲԿ` 60-ի փոխարեն 32 մահճակալով: Սևանի նոր ԲԿ-ի ստեղծման արդյունքում նախկին հիվանդանոցի շենքն ազատվել է և սեփականության իրավունքով տրամադրվել ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Սևանի բուժկենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է: Դրան կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150 խորանարդ մետր տարողությամբ: Ապահովված են դիզելային գեներատոր, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), մոնտաժվել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Կենտրոնի արտաքին տարածքը բարեկարգվել է` ասֆալտապատում, արտաքին լուսավորություն, ցանկապատում:

ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27