Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանը

18.10.2018

Կարմիրգյուղ համայնքի կենտրոնում, Սուրբ Վարվառա մատուռի հարեւանությամբ, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտում զոհված կարմիրգյուղացիների եւ հայրենյաց պաշտպանների հուշարձանը: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը, Արամ Թարվերդյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիրգյուղի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, մանկավարժներ, արտերկրում բնակվող նախկին կարմիրգյուղացիներ, հյուրեր:
Հոգեհանգստյան եւ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: «Այս նորաբաց հուշարձանն ամեն առավոտ ապրողներիս հուշելու է, որ մեր սրբազան հողի խաղաղ արշալույսները գնվել են շատ թանկ գնով՝ մեր թանկագին զավակների կյանքի ու արյան գնով: Այս հուշարձանը մեզ պարտադրելու է, որ ամեն առավոտ աղոթենք մեր հողի խաղաղության, մեր սահմանները պաշտպանող զինվորների անվտանգության համար: Փառք հայրենյաց բոլոր պաշտպաններին, որոնց սխրանքների գնով միայն կանգուն մնաց մեր աշխարհը»,-օրհնանքի խոսքում նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:
Հանդիսավար Սվետլաննա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված կարմիրգյուղացիներ Զոհրաբ Շհոյանի, Սերգո Ավետիսյանի, Արտակ Գասպարյանի, Նվեր Բնյանի, Ռոստամ Թարզմկոյանի եւ Նվեր Գասպարյանի հիշատակը հավերժող հուշարձանը կառուցվել է Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքում ապրող նախկին կարմիրգյուղացիներ Մանվել Մարտոյանի, Պավլիկ եւ Նորիկ Շհոյանների բարերարությամբ, Կարմիրգյուղ համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Վարդանյանի նախաձեռնությամբ, վարպետ Վանիկ Շհոյանի շինարարությամբ:
«Այս տարածքը մինչ այժմ հայտնի էր որպես պատմաճարտարապետական վայր, իսկ այսուհետ այն դառնում է ուխտավայր, ուր մեր հերոսների փառքի առջեւ կխոնարհվեն ներկա ու գալիք սերունդները»,-նշեց հանդիսավարը:
«Թող այլեւս չլինի պատերազմ, որպեսզի մենք այլեւս նման հուշարձանններ կառուցելու կարիքը չունենանք, այլ միայն տուն ու երկիր կառուցենք»,-ներկաներին դիմեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը:
Համայնքի ղեկավարը Կարմիրգյուղի գյուղապետարանի պատվոգրով պարգեւատրեց բարերարներ Մանվել Մարտոյանին, Պավլիկ եւ Նորիկ Շհոյաններին:
«Այժմ ունեմ երկակի զգացողություն՝ հուզմունք եւ հպարտություն: Հուզվում եմ անչափ, որ թանկագին մարդիկ է կորցրել մեր համայնքը, մեր հայրենիքը եւ միաժամանակ հպարտանում, որ նրանց մահը տարբերվում է մնացած բոլոր մահերից, քանի որ նրանք ընկել են հայրենի հողի պաշտպանության համար: Ուզում եմ երախտիքի խոսք ուղղել այս քաջերի ծնողներին ու համայնքի մանկավարժներին, որոնց դաստիարակության արդյունքն է եղել անձնազոհության բոլոր օրինակները: Իսկ այս հուշակոթողը պարտավորեցնում է մեզ, որ բոլորին հիշենք անուն առ անուն, որոնց շնորհիվ մենք այսօր կերտում ենք միանգամից հայկական երկու պետություն, այն դեպքում, երբ աշխարհում գոյություն ունեցող մոտ 5 հազար ժողովուրդներից հազիվ 200-ին է հաջողվել ստեղծել պետականություն»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հերոսների անունն ու գործը փառաբանեցին նաեւ զոհված ազատամարտիկների հարազատներ Սիլվա Շհոյանը, Ավետիք Գասպարյանը, բարերարներ Մանվել Մարտոյանը, Պավլիկ եւ Նորիկ Շհոյանները: «Մենք սիրում ենք մեր գյուղը, նրա բոլոր մարդկանց, ապրում ձեր հանդեպ ունեցած անհուն կարոտով: Ոչ մի ակնթարթ չենք մոռանում մեր հայրենի եզերքը: Ավելին, փափագում ենք, որ կարողանանք տուն վերադառնալ ու ապրել ձեզ հետ, մեր Նոր Հայաստանում: Իսկ այս օրինակը թող վարակի արտերկրում ապրող մյուս կարմիրգյուղացիներին, որ նրանք ինչ-որ կերպ մասնակցեն մեր գյուղի բարգավաճմանը»,-նշեցին բարերարները: ԵԿՄ Գավառի տարածքային կազմակերպության նախագահ Աշոտ Գասպարյանը ԵԿՄ պատվոգրերով եւ հուշամեդալներով պարգեւատրեց հուշարձանի կառուցման համար ավանդ ներդրած բարերարներին, նախաձեռնողին ու շինարարներին:
Գեղարվեստական կատարումներով եւ հերոսների կյանքի մասին պատմող տեղեկություններով հանդես եկան Կարմիրգյուղի թիվ 1, 2 միջնակարգ եւ արվեստի դպրոցի աշակերտները: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:Կարմիրգյուղում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջայց կատարեց համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ծանոթացավ առկա խնդիրներին, ստեղծված պայմաններին և հնարավորություններին:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:53:21