Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների հետ

17.10.2018

Հոկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի Սարուխան, Երանոս, Դդմաշեն, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված բոլոր թեկնածուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:
Դիմելով համայնքների ղեկավարի թեկնածուներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաջողություն ցանկացավ նրանց՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների ընթացքում, հույս հայտնելով, որ համայնքներում ընտրական գործընթացը կանցնի օրենքի պահանջներին համապատասխան: « Ես հորդորում և միևնույն ժամանակ խնդրում եմ, որպեսզի համայնքներում քարոզարշավի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվեն գործող Սահմանադրության և օրենքի պահանջներին համապատասխան, զերծ՝ ցանկացած տեսակի անօրինական գործողություններից: Պետք է բացառել նախկինում թույլ տված բոլոր արատավոր երևույթները: Նոր Հայաստանում այլևս ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ պետք է անցկացվեն: Բոլոր պատասխանատու կառույցները ձեր կողքին են, և յուրաքանչյուր օրինախախտ կպատժվի օրենքով սահմանված կարգով: Եղեք խոհեմ, հավասարակշռված և քաղաքականությունը մի տեղափոխեք անձնական շահերի դաշտ», - թեկնածուներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
« Լուրեր են շրջանառվում, որ որոշ տեղերում քարոզարշավի ընթացքում տեղի են ունենում օրինախախտումներ, սակայն ոստիկանությանը մինչ այժմ չի տրամադրվել որևէ հիմնավորված փաստ: Առաջարկում եմ զերծ մնալ բոլոր տեսակի անօրինականություններից, իսկ հիմնավոր փաստեր ունենալու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն: ՏԻՄ ընտրությունները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օրենքի շրջանակներում ապահովելու են հասարակական կարգը և անվտանգությունը: Տեղեկացնում եմ նաև, որ համայնքների ղեկավարի թեկնածուներին հորդորվել է ընտրական ողջ գործընթացի ընթացքում առաջնորդվել օրենքի պահանջներին համապատասխան: Հակառակ դեպքում ոստիկանությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ողջ ծավալով»,-նշեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը:
Գեղարքունիքի մարզպետը թեկնածուներին հորդորեց՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ օգտվել միայն համապատասխան շտաբներից, օրենքով սահմանված ժամանակահատվածում՝ զերծ մնալով այդ նպատակով օգտագործել համայնքային ենթակայության վարչական կառույցները, համայնքում գործող կրթական և մշակութային հաստատությունները:
Թեկնածուները հավաստիացրին մարզպետին, որ ամեն ինչ կարվի ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28