Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Ձորագյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը

16.10.2018

Ձորագյուղ համայնքում բարերարությամբ ձորագյուղցի գործարար Ներսիկ Մովսիսյանի եւ ճարտարապետությամբ Դերենիկ Եփրեմյանի կառուցվեց եւ բացվեց գյուղի մուտքի պատմաճարտարապետական կամարը, որը նստած է բազալտակուռ երկու աշտարակաձեւ խոյակների վրա եւ ազդադարում է բնակավայրի պատմական անվանումն ու հիշողությունը՝ Ալաշկերտ-Շողագա-Ձորագյուղ վերտառությամբ:
Մուտքի կամարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում ու արտերկրում բնակվող նախկին ձորագյուղցիներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված հյուրեր:
Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանը: «Այս խորհրդանշական կամարը թող դառնա միավորումը մեր ազգի, թող այն ավելի համախմբված ու ավանդապաշտ, հայրենի արժեքներով ապրող ու շնչող դարձնի գալիք սերունդներին»,-օրհնության խոսքում նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: Մուտքի կամարի բացման պատիվը վերապահվեց Ձարագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանին եւ կառույցի նախաձենող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին:
«Ներսիկ Մովսիսյանը մեր գյուղի անմահության հուշարձանն է կառուցել ու նվիրել սերունդներին: Մեր համայնքի բոլոր բնակիչների անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բարերար Ներսիկ Մովսիսյանին ու ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին, որոնց ջանքերով մենք ունեցանք այս շքեղ ու արժեքավոր կառույցը»,-նշեց համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը:
«Ձորագյուղը մեր մյուս համայնքներից տարբերվում է երկու գլխավոր առանձնահատկությամբ: Այն մի բնակավայր է, որտեղ առավել հարգի են կրթությունն ու ավանդապաշտությունը: Այդ առանձնահատկություններն էլ նպաստում են ազգապահպանությանը, մեր պատմական հայրենիքի հետ կապված ամեն մի հիշողության ամրապնդմանը: Այս հուշարձանը, անշուշտ, կամրջում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան, ապրելու եւ արարելու ձգտումը: Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր գործարարներին՝ գալ մարզ եւ ներդրումներ անել տարբեր բնագավառներում, շենացնել ու հզորացնել մեր երկիրը:Մենք կլինենք ձեզ աջակից ու քաջալերող: Շնորհավորում եմ բոլորիդ այս հուշարձանի բացման առթիվ, ինչը վերածվել է համաժողովրդական տոնի»,-հանդիսության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը «Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց կառույցի նախաձեռնող ու հովանավոր Ներսիկ Մովսիսյանին, շնորհակալագրով՝ ճարտարապետ Դերենիկ Եփրեմյանին:
Միջոցառումն ավարտվեց «Թագավորի գովնդ» ազգային պարով, որն իրականացվեց հանդիսության մասնակից հարյուրավոր ձորագյուղցիների կատարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59