Նորություններ
Կայացավ էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը
15.10.2018

Արդեն ութ տարի է, ինչ ՀՀ մշակույթի նախարարության և <<Սասնա տուն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մարզերի աջակցությամբ ողջ հանրապետությունում և Արցախում անցկացվում է <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված էպոսասացության մրցույթ-փառատոնը, որին մեծ ակտիվությամբ են մասնակցում հատկապես դպրոցահասակ երեխաները: Ամեն տարի Գեղարքունիքի մարզը ևս հաջողություններ է գրանցում մրցույթում:
2018 թվականի հոկտեմբերի 6-ին Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսասացության 8-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը, որին մեր մարզից մասնակցում էին փառատոնի մարզային փուլի հաղթողներՄիլենա Կռոյանը, Թագուհի Գևորգյանը /Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց/, Լուսինե Բաղդասարյանը /Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն/ և Մանե Խանդանյանը /Լճաշենի միջնակարգ դպրոց/:
Ժյուրիի կազմում էին <<Սասնա տուն>> հկ նախագահ Ավագ Ավագյանը, խազագետ, էպոսագետ Արթուր Շահնազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Նելլի Կիրիչյանը, գրականագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանը, աշուղ Ռազմարը, որոնց ներկայությունը ոգևորեց մասնակիցներին:
Գեղարքունիքի մարզի բոլոր չորս մասնակիցներն առանձնակի պաթոսով հանդես եկան, արժանացան ժյուրիի անդամների գովեստի խոսքերին, հադիսատեսի համակրանքին և ստացան խրախուսական մրցանակներ, պատվոգրեր ու հուշամեդալներ:
Մասնակիցների համար ժյուրիի անդամներն անցկացրեցին վարպետաց դասեր: