Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

11.10.2018

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության սկզբում նորանշանակ մարզպետը ծանոթացավ մարզպետարանի ղեկավար անձնակազմի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ, ապա խոսեց աշխատանքային հարաբերությունների եւ առաջիկա անելիքների մասին: «Ես միշտ փորձում եմ նվիրվել ինձ վստահված աշխատանքներին, ուստի եւ հեշտությամբ չթողեցի ՀՀ բնապահպանության նախարարությունը, որտեղ ձեռնարկել էի բնապահպանական մի շարք կարեւոր ծրագրեր, որոնց իրականացման համար, սակայն, ավելի տեւական ժամանակ էր պահանջվում: Այստեղ էլ մեզ սպասվում է լարված ու դժվարին, բայց պատասխանատու աշխատանք, որը պետք է կատարենք համատեղ ուժերով: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի դերը շատ կարեւոր է այդ աշխատանքում, եւ եթե մեկը թերանալու է իր աշխատանքում, ապա դա անպայմանորեն կազդի ընդհանուրիս աշխատանքների վրա: Ես պատրաստ եմ՝ բոլորին աջակցել ու խրախուսել իրենց աշխատանքներում, սակայն միաժամանակ պահանջելու եմ կարգապահ, արդյունավետ ու նվիրված աշխատանք: Մեր երկրում հիմա իրավիճակ է փոխվել, եւ ես կարծում եմ, որ մեր որդեգրած ներկա քաղաքական կուրսը մեզ, մեր սերունդներին առաջնորդելու է դեպի ավելի շեն , հզոր ու բարեկեցիկ Հայաստան: Ուստի առաջարկում եմ՝ լցվել նոր աշխատանքային եռանդով ու ջանասիրությամբ, աշխատել նոր ավյունով ու ուժով, անկեղծ նվիրումով »,-աշխատակազմին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետ մարզպետը կանգ առավ մարզպետարանի առաջիկա գլխավոր անելիքների, զարգացման գերակա ուղղությունների վրա: «Լավ ճանաչում եմ մեր մարզը՝ իր բոլոր հիմնախնդիրներով հանդերձ: Բավականին բարդ մարզ է Գեղարքունիքը, որտեղ առկա են սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ: Մի տարածքում հողը մշակող չկա, մի այլ տարածքում էլ հողը չի բավարարում մշակներին: Շատ բնակավայրերում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրներ կան, որոնք չեն լուծվում տասնամյակներ շարունակ: Իսկ Սեւանա լճի հետ կապված հիմնախնդիրները շատ ավելի դինամիկ լուծումներ են պահանջում:Մենք մեր մարզի անունը պիտի դնենք էկոմարզ ու կյանքի կոչենք կարեւորագույն ներդրումային ծրագրեր: Ասել է, թե մեր գյուղատնտեսական արտադրանքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր՝ զերծ քիմիական պարարտանյութերից: Մեր հիմնական նպատակներից մեկն էլ պետք է լինի«Սեւան Ազգային պարկ»-ը կենսոլորտային համալիր դարձնելը: Համոզված եմ, որ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ մենք մեծ ներդրումներ կբերենք մարզ»,-հավաստիացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի անդամները հավաստիացրին, որ շարունակելու են իրենց աշխատանքային փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենաշինությանը, պահանջվող աշխատանքներում ցուցաբերել անհրաժեշտ նվիրվածություն ու պատասխանատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11