Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում առաջին մոբիլ մանկապարտեզը բացվեց Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում

09.10.2018

Հայաստանի Հանրապետությունում առաջին մոբիլ մանկապարտեզը բացվեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում:ՙԱրմենպրես՚-ի Մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությունը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, STRONG CSOs ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Անուշավան Ղազարյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես ներկայացրեց Կայուն զարգացման նախաձեռնությունների ,,Աստղացոլք,, ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը, ,,Մոբիլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարական ձեւ,, ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ,,Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը,, ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում, Կայուն զարգացման նախաձեռնությունների ,,Աստղացոլք,, ՀԿ եւ ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,, ՀԿ կոնսորցիումի կողմից։
,,Մոբիլ մանկապարտեզների համակարգը նախատեսված է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման համար եւ ենթադրում է մասնագետների շարժական թիմերով, կրթության պետական չափորոշիչների հիման վրա խառը խմբերով նախադպրոցական կրթության ապահովում 3-5 տարեկան երեխաների համար։ Մոբիլ մանկապարտեզները դասական ,,կրթություն-խնամք,, մոդելի փոխարեն առաջարկում է ,,կրթություն,, մոդելը եւ ունի դպրոցում գյուղաբնակ երեխաների համար մանկապարտեզ հաճախած երեխաների հետ հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու նպատակ։ Մոբիլ մանկապարտեզներում երեխաների հետ աշխատանքը տարվում է 2,5-3 ժամերի ընթացքում՝ կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդները եւ արդի մեդիա տեխնոլոգիաները։ Թիմում ներգրաված սոցիալական աշխատողը իրականացնում է դեպքի վարում եւ երեխաների ծնողների համար կազմակերպում է դրական ծնողավարման դասընթացներ, որոնք օգնում են՝ կանխարգելել ընտանեկան բռնությունը, նվազեցնում են երեխային ընտանիքից դուրս մղող բացասական գործոնների ազդեցությունը եւ հետագայում երեխայի հայտնվելը խնամքի պետական հաստատություններում։ Աղքատության կրճատման նպատակով նախատեսվում է մեկանգամյա սննդի կազմակերպում։ Այս մոդելը թույլ է տալիս՝ ամսական 200-240 հազար դրամով ամբողջությամբ լուծել մեկ բնակավայրի նախադպրոցական խնդիրը։ Մոբիլ մանկապարտեզի սկզբունքային տարբերությունը գոյություն ունեցողներից այն է, որ ուշադրության կենտրոնում է ողջ ընտանիքը, քանի որ մասնագետների աշխատանքը չի ավարտվում երեխայի՝ մանկապարտեզից դուրս գալուց հետո,,,-ներկայացրեց Իրինա Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակներում ,,Աստղացոլք,, ՀԿ-ն, ներգրավելով ՀՀ Կրթության ազգային իսնտիտուտի փորձագետներին, ստեղծել է մոբիլ մանկապարտեզների աշխատանքը կանոնակարգող ,,Մոբիլ մանկապարտեզի անձնագիրը,,, տրամադրել է շինանյութ աշխատանքային սենյակի վերանորոգման համար, ապահովել է մասնագետների վերապատրաստումը, համապատասխան կահույքը եւ գույքը, առնվազն 1 տարվա գրենական պիտույքների, գրքերի եւ դիդակտիկ նյութերի առկայությունը, զարգացնող խաղերը եւ խաղալիքները: Շողակաթի համայնքապետարանը տրամադրել է աշխատասենյակ համայնքի վարչական շենքի տարածքում, կազմակերպել սենյակի նորոգման աշխատանքները, իր վրա վերցրել սենյակի ջեռուցման եւ մանկապարտեզի հետագա պահպանության ծախսերը, անմիջականորեն մասնակցել մոբիլ մանկապարտեզի բազմամասնագիտական թիմի ընտրությանը:
Այսօրվանից Դրախտիկի մոբիլ մանկապարտեզ են հաճախում 3-5 տարեկան 16 երեխա: Այն գործելու է շուրջտարյա: Մոբիլ մանկապարտեզն առաջիկայում ապահովվելու է արեւային էներգիայով սնվող ջեռուցմամբ։
,,Այստեղ մենք չենք հոգում երեխաների սննդի կամ հանգստի պայմանների մասին, այլ՝ միայն կրթության: Օրական երեխաների հետ աշխատելու ենք 3 ժամ՝ զբաղվելով միայն կրթությամբ, որտեղ ներգրավվելու են նաեւ երեխաների ծնողները: Կարծում եմ, որ սա նախադպրոցական կրթություն ապահովելու ավելի էժան եւ արդյունավետ ձեւ է,,,-տեղեկացրեց նորաբաց մանկապարտեզի մանկավարժ-դաստիարակ Թեհմինե Ջահանգիրյանը:
Հայաստանում առաջին մոբիլ մանկապարտեզի մասին իր տպավորություններով կիսվեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը.,,Մեզանում շատ հաճախ համայնքների ղեկավարները բավարար չափով չեն արձագանքում նախադպրոցական կրթության ապահովման ու զարգացման խնդիրներին: Այստեղ, սակայն տեսանելի է թե նախաձեռնությունը, թե կատարված աշխատանքը, ինչ համար շնորհավորում եմ Դրախտիկի բնակչությանը, ծրագիրն իրականացնող կառույցներին: Մենք անելու ենք հնարավորը, որ նախադպրոցական կրթությունը մատչելի լինի հասարակության բոլոր շերտերին, բոլոր համայնքներում,,,-նշեց նախարարը:
,,Աստղացոլք,, ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նույն ծրագրի շրջանակներում երկրորդ մոբիլ մանկապարտեզը կբացվի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36