Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծափաթաղի դպրոցը միակ առաջին դասարանցու շնորհիվ արժանացել է բարերարների ուշադրությանը

29.09.2018

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցի Նարինե Միրզոյանը, ում այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելել էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, գրավել է առանձին բարերարների կամ կազմակերպությունների ուշադրությունը: Այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հաղորդագրություն Ծափաթաղի դպրոցի միակ առաջին դասարանցու մասին, առաջինը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բարեգործական ձեռնարկով հանդես եկավ Երեւանի ՙՊենտա Փենթ՚ կազմակերպությունը՝ ստանձնելով դպրոցի առաջին դասարանի դասասենյակի հիմնանորոգման նախաձեռնությունը:Սեպտեմբերի 28-ի դրությամբ, ինչպես հավաստեց Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրեն Պարգեւ Հակոբյանը, հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Սեպտեմբերի 28-ին բարեգործական երկրորդ ձեռնարկն իրականացրեց Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող մեր հայրենակից, ՙԲիզնես Արմենիա՚ կազմակերպության ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը՝ աջակցություն ցուցաբերելով Ծափաթաղի միակ առաջին դասարանցու ընտանիքին: Դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ Նարինե Միրզոյանի հայրական ընտանիքում մեծանում են եւս երեք անչափահաս երեխաներ, ովքեր մոտ ապագայում համալրելու են դպրոցի սակավաթիվ աշակերտների քանակը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, շնորհակալություն հայտնելով բարերարին, միաժամանակ հավաստիացրեց, որ իր ամենօրյա առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու սահմանամերձ, բարձրլեռնային ու հեռավոր բնակավայրերի դպրոցների հիմնախնդիրների լուծումը: ՙՄենք ունենք տասնյակ դպրոցներ, որոնցում ուսուցիչների թիվը նույնիսկ գերազանցում է աշակերտների թվին, եւ որոնցում առկա է բավականին խոցելի իրավիճակ թե շենքային պայմանների, թե մասնագետ կադրերի ապահովման, թե սոցիալական դժվարին պայմանների բարելավման առումներով:Պետությունը հարցերը ձգտում է կարգավորել իր հնարավորությունների սահմաններում, սակայն շատ ուրախալի է, որ այդ հիմնախնդիրների լուծմանը ներգրավվում են Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցները:Ամեն մի ուշադրություն, ամեն մի խրախուսական քայլ կնպաստի, որ դժվարին կյանքով ապրող սահմանամերձ կամ հեռավոր բնակավայրերի բնակիչները մնան հայրենի հողի վրա, բազմանան ու արարեն, որի դեպքում միայն մենք հետեւում կկարողանք թողնել տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրները, աղքատոթյունն ու գործազրկությունը, մեր հայրենիքին պատուհասող արտագաղթը՚,-իր շնորհակալական խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36