Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով

28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Սեւանի շաքարի գործարան աշխատանքային այց կատարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Ինչպես նախարարին եւ մարզպետին ներկայացրեց ՙՍեւանի շաքարի գործարան՚ ՓԲԸ տնօրեն Արմեն Առաքելյանը, ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009 թվականից՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: <<Գործարանը մինչեւ 2009 թվականը աշխատում էր, սակայն այդ ժամանակ միջազգային շուկայում բարձրացավ շաքարեղեգի գինը, իսկ տեղական շուկայում շաքարի գինը համեմատաբար ցածր էր ներմուծվող հումքի ինքնածախսածածկման դիմաց: Մյուս կողմից էլ ունեինք արտադրական ոչ բավարար հզորություններ, որպեսզի կարողանայինք դիմակայել շուկայի թելադրանքին: Հիմա որոշել ենք ավելացնել արտադրական հզորությունները այն հաշվով, որպեսզի օրական կարողանանք 60 տոննա շաքարավազ արտադրել: Այդ նպատակով մեր ընկերությունը ներդրել է շուրջ 120 միլիոն դրամ, իսկ կառավարությունը հետաձգելու է ավելացված արժեքի հարկի մուծումը, ինչը բավարար աջակցություն կլինի մեր գործունեության մեկնարկի համար: Արդեն երկու ամիս է, ինչ կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ: Գործարանը կվերագործարկվի այս տարվա նոյեմբերի կեսերից, աշխատանքային երեք հերթափոխով եւ կապահովի 75-80 աշխատատեղ: Միաժամանակ մտածում ենք տեղական հումքի արտադրության շուրջ, ինչը, սակայն, պահանջում է ագրոտեխնիկական հսկայական ու համակարգված աշխատանք այն հաշվով, որպեսզի ներմուծվող հումքի դիմաց ունենանք ավելի ցածր ինքնարժեք ապահովող տեղական հումք>>,-ներկայացրեց գործարանի տնօրենը:
Շաքարի գործարանի վերագործարկումը կարեւորեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: <<Սա կդառնա Հայաստանում շաքար արտադրող երկրորդ գործարանը: Ընդ որում, այստեղ ոչ միայն կարեւոր է նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ նաեւ մեր երկրի համար պարենային անվտանգության ապահովումը:Անառարկելի է, որ շաքարը բնակչության կենսապահովման համար կարեւոր սնունդ է, ինչի արտադրության կազմակերպումը տեղում բխում է մեր երկրի անվտանգության շահերից: Մենք լրջորեն մտածում ենք նաեւ տեղական հումքի ստացման մասին, եւ այդ խնդիրը ոչ թե պետք է թողնենք շաքար արտադրողների ուսերին, այլ հնարավորություն ստեղծենք, որպեսզի հումքը արտադրեն տարբեր ֆերմերային կամ անհատական տնտեսություններ: Սրանով մենք առաջին հերթին կլուծենք հողերի մշակության, անհրաժեշտ ցանքաշրջանառության կիրառման խնդիրը, եւ երկրորդ, կունենանք շաքարի ճակնդեղի բավարար հումք, որը կօգտագործվի նաեւ արտադրական այլ ուղղություններում: Այդ նույն ցանքաշրջանառությունը կնպաստի, որ մեր տնտեսություններն ամեն տարի արտադրեն պարենային անվտանգություն ապահովող մոտ 4 տեսակի մշակաբույսեր: Այս գործարանի վերաբացումը հույժ կարեւոր է Սեւան քաղաքի համար: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում Գեղարքունիքի մարզում մենք ականատես կլինենք նոր գործարանների վերագործարկումներին, որտեղ պետությունը կունենա աջակցության իր բաժինը>>,-նշեց նախարար Արծվիկ Մինասյանը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սեւանի շաքարի գործարանի վերագործարկումը համարեց մարզի կարեւոր ձեռքբերումներից մեկը, ինչը գործազրկության ու աղքատության հաղթահարման տեսանկյունից մեծ նշանակություն ունի: <<Սեւանի շաքարի գործարանի վերագործարկման մասին դեռ մի քանի ամիս առաջ ընդամենը խոսակցություններ էին գնում, որոնք շատ կարճ ժամկետում դառնում են իրողություն: 75-80 աշխատատեղը լուրջ ձեռքբերում է: Հուսով եմ, որ մեր մյուս գործարանները, որոնք կանգ են առել ժամանակի ընթացքում, աստիճանաբար կվերագործարկվեն: Եվ սա պետք է դառնա մեր վարած օրախնդիր քաղաքականությունը: Առաջիկայում սպասեք նոր գործարանների վերագործարկումներին>>,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06