Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ

28.09.2018

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ:Այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա և Նորաշեն համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ կրթական հաստատությունների մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ՝ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ տալով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը: Համայնքի ղեկավարի եւ բնակիչների ներկայացման համաձայն՝ Չկալովկայում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարվում Սեւան-Վարդենիս մայրուղուց մինչեւ գյուղամեջ տանող մոտ կես կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգումը: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմնախնդիրն արդեն ներկայացված է կառավարության ուշադրությանը եւ, ամենայն հավանականությամբ, իր լուծումը կստանա եկող տարվա ընթացքում:
Նորաշենում մարզպետն այցելեց դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ, որտեղ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ բնակիչների հետ քննարկեց հրատապ լուծում պահանջող հարցեր:Համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի ներկայացման համաձայն՝ գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր համարվեց դպրոցական շենքի նորոգումը եւ արոտների ջրարբիացումը:Դիտարկելով դպրոցի շենքային պայմանները եւ հաստատության կողմից տնտեսված դրամական միջոցների չափը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց՝ սեղմ ժամկետներում կազմակերպել մասնակի նորոգման աշխատանքներ: Անդրադառնալով արոտների ջրարբիացման խնդրին՝ մարզպետը հայտնեց, որ խնդրի շուրջ կարվի լրացուցիչ քննարկում, եւ միջոցների ու հնարավորությունների գտնվելուն պես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:<<Համայնքային այցերի արդյունքում մենք մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն կունենանք մարզի բոլոր բնակավայրերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ արձանագրված կլինեն բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, գրավչությունները, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները: Այս այցերի հիմնական նպատակն այն է, որ ամեն հիմնախնդիր կարողանանք հասկանալ ու գնահատել տեղում եւ հստակեցնել սպասվող ներդրումների ճշգրիտ հասցեականությունը: Չկալովկայում ու Նորաշենում բարձրացված բոլոր հիմնախնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում ու մոտ ապագայում քայլ առ քայլ կստանա իրենց հիմնարար կամ մասնակի լուծումները>>,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 12:35:45