Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը կդառնա գործող մարմին

27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզի մի խումբ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ակտիվ երիտասարդների, որոնց հետ քննարկեց մարզպետին կից երիտասարդական խորհրդի նոր կազմ ընտրելու, գործունեության ծրագիրը մշակելու եւ գործողության մեջ դնելու հետ կապված խնդիրները:

§Մարզպետին կից երիտասարդական խորհուրդը ձեւական մարմնից պետք է դառնա մշտապես գործող մարմին, որում պետք է ներգրավվեն ակտիվ երիտասարդները: Դրա համար առաջարկում եմ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որն առաջիկա օրերին կներկայացնի առաջարկություններ՝ երիտասարդական խորհրդի ձեւավորման եւ նրա գործունեության ծրագրի մասին: Խորհրդատվական այս մարմնում մենք ամիսը առնվազն մեկ կամ մի քանի անգամ պետք է ձեռնարկենք քննարկումներ մարզի կենսագործունեության ոլորտների շուրջ, առաջ քաշենք նոր նախաձեռնություններ, կյանքի կոչենք ակտիվ երիտասարդների կառուցողական առաջարկությունները, հնարավորություն տանք, որպեսզի հանրային կյանքում, մեր մարզի զարգացման գործում իրենց մասնակցությունն ունենան մեր երիտասարդները: Կարծում եմ, որ երիտասարդական խորհրդին կից պետք է գործեն բնապահպանական, գյուղատնտեսական, կրթական, առողջապահական, զբոսաշրջային, սոցիալական եւ այլ ուղղվածությունների հանձնաժողովներ, որոնցում ընտրության կարգով կարող ենք ընդգրկել կիրթ ու բանիմաց, ակտիվ երիտասարդների, անկախ թվաքանակից, բնակության վայրից եւ շեշտը դնել բովանդակային ծրագրերի նախաձեռնման ու իրականացման վրա: Երիտասարդները կարող են այս կառույցի միջոցով առաջ քաշել հանրօգուտ բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն ինչպես մարզում առկա հիմնախնդիրների կարգավորմանը, այնպես էլ՝ զարգացման նոր ծրագրերի ընդունմանն ու իրականացմանը¦,-հանդիպման մասնակիցներին դիմեց մարզպետը:

Իշխան Սաղաթելյանը միաժամանակ կարեւորեց երիտասարդական խորհրդի եւ ակտիվիստների դերը մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում իրազեկման ակցիաներ եւ հանրային քննարկումներ կազմակերպելու, կուտակված հիմնախնդիրները վեր հանելու, արշավների ու ակցիաների միջոցով մարզի գրավչությունները գովազդելու առումներով: Երիտասարդներն իրենց հերթին առաջարկեցին՝ իրազեկման ակցիաները կազմակերպել համացանցի միջոցով, մի քանի լեզուներով, որպեսզի Գեղարքունիքի մարզն ավելի ներկայանալի լինի միջազգային ներդրումային ծրագրերում:

Հանդիպման ավարտին մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջիկա աշխատանքները կազմակերպելու համար նշանակեց համակարգող մարմին եւ առաջարկեց՝ տասնօրյա ժամկետում մարզպետի քննարկմանը ներկայացնել երիտասարդական խորհրդի կազմը եւ գործունեության ծրագիրը: §Մենք հիմնախնդիրներ ունենք կուտակված բազմաթիվ ոլորտներում, որոնց լուծման համար կարեւորում ենք երիտասարդների անմիջական մասնակցությունը:Եթե նրանց կողմից գործնական առաջարկություն լինի, ապա գործնական քայլերն էլ կձեռնարկենք միասին: Մենք չունենք երիտասարադական խորհրդի գործունեությունն ապահովելու համար հատկացված բյուջե, բայց պետք է որոշակի միջոցներ գտնենք այդ նպատակի իրականացման համար¦-հանդիպումն ամփոփեց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36