Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ մասրիկցի փոքրիկները բարեկարգ խաղահրապարակ կունենան

18.09.2018

Մեծ Մասրիկ համայնքում այսուհետ մանուկները հաճելին ու օգտակարը կհամատեղեն: Նրանք նորակառույց խաղահրապարակում կկարողանան խաղալ և մարզվել: Խաղահրապարակը արդիականացրել է ամերիկահայ զույգը՝ տեր և տիկին Գառնիկ և Հիլդա Եուսէֆիները՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր և տիկին Հովհաննես և Անուշ Հովսեփյանների: Բարեգործները ժամանել չէին կարողացել, փոխարենը գյուղում էին նրանց հարազատները: Խաղահրապարակի տարածքում հյուրերը կատարեցին նաև ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության և գյուղի շենացման:Խաղահրապարակի կառուցման ընդհանուր արժեքի 20 տոկոս ներդրումը կատարել է համայնքը: Նորակառույց խաղահրապարակի բացման առթիվ ողջույնի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: «Հարգելի Մեծ մասրիկցիներ, շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի խաղահրապարակի կառուցման համար և միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս գործում: Բոլորիս պարտքն է երեխաների հանգիստը ճիշտ ձևով կազմակերպել: Եվ կմաղթեի,   որ բոլոր համայնքներում այդ ուղղությամբ նոր ծրագրեր կյանքի կոչվեն»,- իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը:
Խաղահրապարակի բացման արարողությունից հետո գեղարվեստական կատարումներով օրն էլ ավելի տոնական դարձրին Մեծ Մասրիկի դպրոցականնները, համայնքի պարային համույթի սաները:
Մեծ Մասրիկում սեպտեմբերի 18-ը տոնական էր նաև համայնքի վաղ տարիքի երեխաների համար: Մեծ Մասրիկի թիվ 1 մանկապարտեզում էլ ամերիկահայ բարերարները ամբողջապես նոր գույք և անկողնային պարագաներ էին տրամադրել: Բարեգործները Արմեն և Էլեանորա Հայրապետյաններն են, ովքեր մանուկների աշխարհը գունեղ էին դարձրել՝ ի հիշատակ իրենց ծնողների՝ տեր և տիկին Ավաք և Ամալիկ Հայրապետյանների:
Ամերիկահայ հյուրերը մանկապարտեզ դատարկաձեռն չէին եկել: Բոլոր երեխաները ստացան հագուստով, քաղցրավենիքով ու խաղալիքներով լի տոպրակներ: Այս ամենի նախաձեռնությունը Մեծ Մասրիկ համայնքի բնակիչ Իրինա Գասպարյանինն էր, ով անվերապահորեն փորձում է տարբեր հեռախոսազանգերի միջոցով իր ծննդավայր բերել այսօրինակ բազմաթիվ ծրագրեր: Ի դեպ Իրինան մանկապարտեզին առաջին անգամը չէ, որ աջակցում է: Նրա նախաձեռնությամբ մանկապարտեզը տարիներ առաջ ամբողջովին բարեկարգել է ՀՕՖ կազմակերպությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11