Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ

17.09.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրը սեպտեմբերի 16-ի վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր: Բոլորը շտապում էին դեպի Պանթեոնի հարակից տարածք՝ մասնակցելու նորակառույց մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայ թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, նույն թեմի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչներ, պատվիրակության այլ անդամներ:
Մինչև հանդիսության մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան գյուղի Պանթեոնում, որտեղ հանգչում են Վահանի ինքնապաշտպանության և Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիները:
Ինչպես ներկաները նշեցին, այս տարածքը շուրջ երեք ամիս առաջ ամայի դաշտ էր, բայց այժմ արդեն այն այլևս բարեկարգ, մանուկների խինդով ու եռուզեռով լցված խաղահրապարակ է: Եվ այս ամենը իրողություն դարձավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի անմիջական նախաձեռնության, գործադրած ջանքերի շնորհիվ: Մարզպետի տված խոստումն այսօր դարձավ այնպիսի գործ, որն այսուհետ ծառայելու է վահանցի մանուկների հաճելի ժամանցի կազմակերպման վայր: Մանկական խաղահրապարակի կառուցման գործում իրենց ավանդը ներդրել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը և սփյուռքահայ բարերար Մանուկ Չուխաճյանը:
Ապրելով հայրենիքից հեռու՝ նրանք սիրահոժար աջակցել են մանկական խաղահրապարակի կառուցմանը՝ իրենց նպաստը բերելով հայրենաշինության, հայրենի երկրի սահմանամերձ համայնքի զարգացման գործում: Տեղի մանկավարժների խոսքերով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այլևս անխախտ է եւ քայլ առ քայլ կյանքի է կոչում համահայկական իղձերի իրականացումը, և համահայկական այս կարևոր ձեռնարկը խթան կհանդիսանա, որ վահանցիներն էլ ավելի ամուր կապվեն հայրենի եզերքին, արարեն ու պաշտպանեն հող հայրենին:
Մանկական խաղահրապարակի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին և Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Վերջինս կատարեց նաև օրհնության կարգ:
«Այսօր ես Վահան գյուղի մարդկանց մեջ տեսնում եմ ուրախության մթնոլորտ, ժպիտ՝ մանուկների դեմքերին: Անշուշտ, գյուղի 130 երեխաները այս խաղահրապարակի շնորհիվ կունենան աշխույժ ժամանցի վայր, կմեծանան հայության շնչով, կզինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանն ու շենացմանը: Կանադահայոց թեմի համեստ ձեռնարկը կնպաստի, որ մեր երեխաներն ավելի անհոգ և ուրախ մեծանան այս հողի վրա, որի բերքը շատ համեղ է: Թող Աստված կանգուն պահի այս հողը: Հայ ժողովուրդը պիտի իր հողի վրա ապրի բարօր կյանքով»,-օրհնանքի խոսքեր հնչեցրեց Ներսես արքեպիսկոպոս Չարյանը:
Ապա վահանցիներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Երբ այս տարվա հունիսին աշխատանքային այցով եղա Վահանում եւ խոստում տվեցի, որ վահանցի մանուկները կունենան խաղահրապարակ, այն ինձ առավել պարտավորեցրեց: Եվ ընդամենը օրեր անց, շնորհիվ Կանադայում բնակվող մեր հայրենակից և իմ բարեկամ Վահագն Կարագաշյանի, Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի, Կանադահայ բարերար Մանուկ Չուխաճյանի, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, ձեռնարկվեց խաղահրապարակի շինարարությունը: Սա ընդամենը մի համեստ խաղահրապարակ է, որը, սակայն, խորհրդանշում է հայրենիք-սփյուռք միասնությունը: Խաղահրապարակի տեղը պատահականորեն չի ընտրվել. այստեղ իրենց ուրախ ժամանակը կանցկացնեն հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհած հերոս հայորդիների թոռներն ու ծոռները, ովքեր հավերժ կհիշեն իրենց հերոս պապերին, կլցվեն անափ հայրենասիրությամբ:
Այս խաղահրապարակի կառուցմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև վահանցիները՝ շինարարական աշխատանքները կատարելով անվճար: Իսկ այդ խնայված միջոցները մեզ նոր հնարավորություն են տվել, որպեսզի այս տարածաշրջանում իրականացնենք նորանոր ծրագրեր», -նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Ներկաներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գեղարքունիքի մարզպետի դուստր Նարե Սաղաթելյանը, Վահանի միջնակարգ և ճամբարակի երաժշտական դպրոցների աշակերտներ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Վահանի մանկական խաղահրապարակի կառուցմանն աջակցելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին, բարերար Մանուկ Չուխաճյանին: Նախաձեռնության համար իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև զոհված ազատամարտիկների ծնողները:
Հանդիսավոր արարողությունից հետո նորաբաց խաղահրապարակը լցվեց վահանցի երեխաների ուրախ ու տրամադրող ներկայությամբ: Խաղահրապարակի տարածքում, ի թիվս ճոճանակների եւ այլ խաղամիջոցների, գործելու են նաև վոլեյբոլի ու մինի ֆուտբոլի դաշտեր:
Հանդիսության ավարտից հետո սփյուռքահայ հյուրերը մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ այցելեցին Ճամբարակի տարածաշրջանում գտնվող N զորամաս, որտեղ նրանք զրույց ունեցան զինծառայողների հետ, մասնակցեցին նրանցից մեկի ծննդյան օրվա պատվին տրված զինվորական ճաշկերույթին: Ապա Իշխան Սաղաթելյանը հյուրերի հետ եղավ Թթուջուր բնակավայրում՝ դիտարկելու այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական խաղահրապարակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06