Նորություններ
Հայտնի են էպոսասացության մրցույթ-փառատոնի մարզային փուլի հաղթողները
28.08.2018
Արդեն ութերորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարության և <<Սասնա տուն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մարզպետարանների աջակցությամբ ողջ հանրապետությունում և Արցախում կազմակերպվում և անցկացվում է <<Սասնա Ծռեր>> էպոսին նվիրված միջոցառումների շարք և շարադրությունների մրցույթ, որի շրջանակներում անցկացվում է նաև էպոսասացության մրցույթ-փառատոն: Գովելի է այն փաստը, որ ութ տարի շարունակ Գեղարքունիքի մարզի սաները այդ փառատոնի հանրապետական փուլում հաղթողներ են ճանաչվում և գրավում մրցանակային տեղեր, շահում <<գրան պրին>> մրցանակներ:
2017 թվականին Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի սան Արեգ Սիմոնյանը նշված փառատոնի հանրապետական փուլում արժանացավ ամենաբարձր <<Տարվա Հայտնություն>> տիտղոսին, իսկ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Արման Հակոբյանը գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի բաժնի աջակցությամբ օգոստոսի 24-ին Գավառի երկրագիտական թանգարանում անցկացվեց <<Սասնա Ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի հաղթողները, ովքեր ներկայացնում էին Գավառի թիվ 2, 8, Սարուխանի թիվ 2, Գանձակի թիվ 1, Լճաշենի միջնակարգ և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցները, Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Մասնակիցներն ասմունքեցին <<Սասնա Ծռեր>> էպոսից, իրենց ցանկությամբ ընտրված և մինչև 5 րոպե տևողությամբ որևէ հատված:
Արդյունքում՝ առաջին տեղը գրավեց Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Միլենա Կռոյանը, երկրորդ տեղը՝ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թագուհի Գևորգյանը և Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սան Լուսինե Բաղդասարյանը, երրորդ տեղը՝ Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Խանդանյանը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Աննա Եղոյանը և Նարեկ Մելքոնյանը:
Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն նաև փառատոնի հանրապետական փուլին, որը կանցկացվի 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:
Էպոսասացության փառատոնի մարզային փուլի բոլոր մասնակիցներին Գեղաքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի կողմից տրվեցին հավաստագրեր և խրախուսական նվերներ: