Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում ԿԳ նախարարն անցկացրեց խորհրդակցություն

27.08.2018

Օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, այլ պաշտոնյաներ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց տնօրեններին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և նշեց, որ առաջիկա ամսվա ընթացքում ավարտին կհասցնի մարզի հանրակրթական դպրոցներ իր աշխատանքային այցերը և արձանագրված խնդիրներին կփորձեն լուծում տալ նաև ԿԳ նախարարության հետ միասին:
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների փաթեթը, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին, որոշ չափորոշիչների:
Դրանց թվում կրթության նախարարը խոսեց դպրոցների տնօրենների ընտրության, դպրոցական խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների անցկացման համար մշակված նոր ձևաչափերի մասին: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ արեց դպրոցներում կանխել դրամահավաքությունը, դպրոցական և միասնական համազգեստի ընտրության հարցում չպարտադրել սև և սպիտակ գույները: Նախարարը խոսեց դպրոցների ավարտական և միասնական քննությունների անցկացման, դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության , ֆինանսական և իրավական հարցերում ճշգրիտ մոտեցման, դպրոցների ապաքաղաքականացման մասին, նշելով, որ կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելը նոր կառավարության կարևորագույն սկզբունքներից մեկն է:
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ հարկավոր է աշխատանքներ տանել, որպեսզի մարզում 2020 թվականից ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: « Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը պատրաստակամ է օգնել և աջակցել ձեզ դպրոցներում առկա խնդիրների լուծման հարցում: Նախարարությունը ձեր գործընկերն է և մենք համատեղ պետք է մեր ոլորտում իրականացնենք բարեփոխումներ»,- նշեց նախարարը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև հաջորդ ուսումնական տարվանից առաջին դասարանցիների դպրոց հաճախելու նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի անցմանը, նույն եղանակով ուսուցչի ընտրության և այլ փոփոխությունների վրա, ինչը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի կրթությունը մեր երկրում ավելի հասանելի դառնա:
Հանդիպման ավարտին մարզի դպրոցների տնօրենները ՀՀ ԿԳ նախարարի և Գեղարքունիքի մարզպետի կողմից ստացան կրթության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ ծանոթացավ Մարտունի քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով և նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբեր ամսին: Նախարարը և մարզպետը եղան նաև նույն միջոցներով ամիսներ առաջ կառուցված Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի նախակրթարանում, ծանոթացան շենքային պայմաններին և գործունեությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43