Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում

24.08.2018

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Կարճաղբյուր համայնքում: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը դիտարկեց պետական բյուջեի միջոցներով իրականացվող համայնքային նշանակության շուրջ 2,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ապա այցելեց շինհրապարակ, որտեղ, նույն միջոցներով հիմնանորոգվում է գյուղամիջյան կամուրջը: Աշխատանքները մեկնարկել և ավարտվելու են այս տարվա ընթացքում: Համայնքի ղեկավարի հետ մարզպետը զրուցեց նաև համայնքային նշանակության խնդիրների և առաջիկա անելիքների մասին: «Այսօր առավոտյան մենք լավ լուր ունեցանք: ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Գեղարքունիքի մարզից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ևս 13 ծրագրեր: Դրանք ներառում են տարբեր ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ կառուցում: Հաստատված ծրագրերի թվում է նաև Կարճաղբյուրի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Ուրախալի եմ համարում նաև այն փաստը, որ այդ ծրագրերից 6-ը իրականացվելու է Ճամբարակի տարածաշրջանում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Ծովակի միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ առկա պայմաններին, դիտարկեց դպրոցի հիմնանորոգման ենթակա հատվածների անբարեկարգ վիճակը, հանձնարարեց դպրոցի տնտեսված միջոցներով առաջնահերթ լուծել դպրոցի հիմնական մասնաշենքի ջեռուցման խնդիրը: «Անկախ այն հանգամանքից, թե երբ հնարավոր կլինի այս դպրոցում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, անհրաժեշտ է ձեռնամուխ լինել լոկալ ջեռուցման համակարգի անցկացմանը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Համայնքի մշակույթի տանը մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մասնակի հիմնանորոգման աշխատանքներին: Տրամադրված միջոցները, ինչպես նշեց մարզպետը, բավարար չեն կառույցի հիմնանորոգումը ամբողջությամբ ավարտին հասցնելու համար: «Այս թեմայով ևս փորձելու ենք լրացուցիչ քննարկում անցկացնել կառավարությունում, որպեսզի մեկ փոքր ծրագիր սուբվենցիոն եղանակով հատկացվի, որի արդյունքում միայն կառույցը կլինի ամբողջական և լիարժեք կծառայի համայնքին»,-իր խոսքում նշեց մարզպետը:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ մարզում համայնքային նշանակության բոլոր խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում և իրականացվող բոլոր ծրագրերը՝ իր անմիջական վերահսկողության ներքո: Նրա հավաստմամբ՝ առաջիկայում մարզում սուբվենցոն տարբերակով կհաստատվեն ևս նոր ծրագրեր:
Աշխատանքային այցի ավարտին Ծովակում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համատեղ քննարկեցին մարզի առողջապահության ոլորտին առնչվող կարևորագույն հարցեր, շրջայց կատարեցին Ծովակի՝ մոտ 4000 բնակիչ սպասարկող բժշկական ամբուլատորիա: Այստեղ մարզպետը և նախարարը ծանոթացան ամբուլատոր պայմաններին, տեխնիկական և սպասարկման հնարավորություններին: Նրանք կարևորեցին  մի քանի սարքավորումներով ամբուլատորիան համալրելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59