Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

18.08.2018

Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները: Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն դրամ: 75 սանի համար նախատեսված նորակառույցը շահագործման կհանձնվի առաջիկայում: Մարզպետը եղավ նաև Վարդաձորի մշակույթի տանը և համայնքի ԱԱՊԿ-ում, ծանոթացավ պայմաններին և իրականացվող աշխատանքներին:
Իշխան Սաղաթելյանի հաջորդ կանգառը Լիճք համայնքում էր, որտեղ նա ծանոթացավ արդեն շահագործման պատրաստ մանկապարտեզի շենքային պայմաններին և հնարավորություններին: 116 միլիոն դրամ արժողությամբ շինարարության պատվիրատուն ևս Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որը տրամադրել է նաև մանկապարտեզի գույքի մի մասը: Մանկապարտեզը սպասարկելու է 70 սանի: Իշխան Սաղաթելյանը շրջեց Լիճքի՝ վերանորոգված մշակույթի տանը, եղավ համայնքի անմխիթար վիճակում գտնվող հիմնական դպրոցում, դիտարկեց առկա պայմանները և խոստացավ խնդիրը քննարկման ներկայացնել համապատասխան գերատեսչություններում: Լիճք համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաև այս տարվա ընթացքում սուբվենցիայով իրականացված երկու ծրագրերին՝ 11,2 միլիոն դրամի արժողությամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և 24,9 միլիոն դրամ արժեք ունեցող ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
Վարդաձոր և Լիճք համայնքներում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը համայնքների բնակիչների հետ զրուցեց բերքահավաքի ընթացքի և արդյունքների, հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների իրացման մասին: «Ճիշտ է կարկուտն այս տարի մարզի մի քանի համայնքների որոշակի վնաս հասցրել է, սակայն բերքահավաքը կարողանում ենք մարզում պատշաճ կերպով կազմակերպել, այս առումով լուրջ խնդիրներ չունենք: Հիմա կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված մի քանի գաղափարներ կյանքի կոչի: Ես կարծում եմ, որ գոնե հաջորդ տարվանից գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա, մենք էլ, մեր լիազորությունների շրջանակներում, ինչով կարող ենք կօժանդակենք ձեզ»,- բնակիչների հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց մարզպետը:
Այցելելով Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց մարզադահլիճի հատակի անմխիթար վիճակը, ինչի պատճառով անհնար է դարձել դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացումը: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համայնքապետարանի աջակցությամբ և դպրոցի տնտեսված միջոցների հաշվին շատ սեղմ ժամկետում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:
Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են 2016 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 482 միլիոն դրամ: «ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է դպրոց, որը բավականին խնդիրներ ունի: Դրանք առնչվում են նախագծային փաստաթղթերի և շինարարության ծավալների հետ: Քաղաքաշինական կոմիտեից համապատասխան մասնագետների հետ պետք է խնդիրները շատ արագ կարգավորենք, որպեսզի ուսումնական պրոցեսը չձախողվի և շինարարական աշխատանքները գոնե հաջորդ տարի ավարտին հասցնենք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խոսեց առաջիկա անելիքների մասին: «Մենք պլանավորել ենք առաջիկայում մարզի բոլոր համայնքներում դիտարկել իրականացվող շինարարական ծրագրերը և հատուկ ուշադրություն դարձնել սուբվենցիայով իրականացվող նախագծերին: Բավականին մեծ ծավալի շինարարություն է ընթանում մարզում, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկման փուլում են: Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ դրանց որոշ մասը ևս կհաստատվի ՀՀ կառավարության կողմից և քայլ առ քայլ լուծում կստանան համայնքներում կուտակված խնդիրները»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:14:58