Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Գավառ քաղաք

04.08.2018

Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաքում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրան ուղեկցում էին տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ, ովքեր հյուրերին ներկայացրին թատրոնի հին ու նոր պատմությունը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին՝ հնարավորություն ստեղծել և աջակցել Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:
Խոսվեց նաև նորակառույց թատրոնի հանդիսավոր բացման արարողության ծրագրի կազմման և մշակման մասին, որին կաջակցեն նաև մշակույթի նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը: Անդրադառնալով ֆինանսական հնարավորությունների ավելացման հարցին՝ Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաև Գավառի թատրոնը և հաջողություն ունենալու դեպքում ձեռքբերված միջոցները հնարավոր կլինի ծախսել թատրոնի կարիքների համար: Գեղարքունիքի մարզպետը և մշակույթի նախարարը այնուհետև եղան Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններում: Նրանք ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդին, զրուցեցին ընթերցողների հաճախումների, կառույցների շենքային պայմանների և հնարավորությունների շուրջ:
Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանին և նախարար Լիլիթ Մակունցին ներկայացվեցին թանգարանային հավաքածուների պատմությունը: Զրույց ծավալվեց թանգարանային նմուշների ձեռքբերման, դրանց պահպանման և այլ բնույթի թեմաների շուրջ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն, որտեղ նրանք ծանոթացան կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, ապա մասնակից եղան Գավառ քաղաքի մշակութային հաստատություններից տարբեր ստուգատեսներում մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալի սաների երաժշտական կատարումներին:
Հանդիպման ավարտին նախարար Մակունցն իր գոհունակությունը հայտնեց Գավառի մշակութային օջախների բարվոք վիճակից ու գործունեությունից, միաժամանակ հավաստելով, որ նման այցելությունները կկրեն շարունակական բնույթ: «Նախարարությունը պատրաստակամ է՝ աջակցել այն խնդիրների լուծմանը, որոնք էլ ավելի կնպաստեն մարզում մշակութային կյանքի առաջընթացին ու զարգացմանը»,-նշեց նախարարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06