Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի օրակարգում քննարկվեց հարցերի լայն շրջանակ

26.07.2018

Հուլիսի 26-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նիստի սկզբում մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալներ Նարեկ Գրիգորյանին, Վահան Զարոյանին և Անուշավան Ղազարյանին՝ ցանկանալով նրանց աշխատանքային հաջողություններ:
Օրակարգում ընդգրկված առաջին հարցի՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը:
Նա նշեց, որ 2018 թվականի առաջին կիսամյակում մարզի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 66,9 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է 10,2 տոկոսով:Մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Վարդենիսի և Գավառի տարածաշրջանները, որոնք սեփական եկամուտները հավաքագրել են համապատասխանաբար 49,4 և 56,1 տոկոսներով: Մարզի միջինից բարձր կատարողական ապահովել են 14 համայնքներ, որոնցից առավել բարձր արդյունքներ ցույց են տվել Երանոս, Ձորագյուղ, Վաղաշեն, Վարդաձոր և Գեղամավան համայնքները:
Գեղարքունիքի մարզում 2018 թվականին կատարված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ 2018 թվականին մարզի տնտեսություններում բերքի տակ է եղել 47 հազար 12 հեկտար ցանքատարածություն, որը կազմում է ընդհանուր վարելահողերի 58 տոկոսը:Արդեն մեկ ամիս է, ինչ բարձր արդյունքներով ընթանում են խոտի բերքահավաքի աշխատանքները: Ցանովի խոտհարքերի 1 հեկտարից ստացվում է մինչև 30, բնական խոտհարքերի 1 հեկտարից՝ մինչև 20 ցենտներ անասնակեր: Բարձր արդյունքներով է սկսվել նաև հացհունձը: Ցորենի արտերի 1 հեկտարից սպասվում է 28-30, գարու արտերի 1 հեկտարից՝ 20-25 ցենտներ բերք:Աշխատուժը և տեխնիկան բավարար են՝ բերքահավաքը ժամանակին կատարելու և ավարտելու համար: Ընթացքի մեջ են գտնվում ոռոգման աշխատանքները, որոնք գտնվում են մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Կատարվել են անասնաբուժական պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները: Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել 3180 հեկտարի վրա: Մեղվաբուծական տնտեսություններում մեկնարկում է մեղրաքամը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում 2018 թվականին կատարված ու նախատեսվող աշխատանքների և համայնքապետարանների հաստիքացուցակների վերանայման մասին,, հարցերի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս տարի մարզում անցկացվել է համամարզային մեկ շաբաթօրյակ ապրիլ ամսին, իսկ ծրագրված մյուս շաբաթօրյակները կանցկացվեն օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Ըստ վարչության պետի դիտարկման՝ մարզի 57 համայնքները տեղական բյուջեներում պլանավորել են աղբահանության վարձավճարներ, բայց ոչ բոլորն են աղբահանություն իրականացնում: 2018 թվականի տարեկան կանխատեսվող եկամուտն աղբահանությունից կազմում է 209,1 միլիոն դրամ, որից կիսամյակի կտրվածքով կատարողականը կազմում է 48 տոկոս: Զեկուցողը, հիմք ընդունելով ՀՀ ՏԿ և զարգացման նախարարի համապատասխան հանձնարարականը, առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ վերանայել հաստիքացուցակները՝ դրանք բեռնաթափելով ավելորդ, գործառույթներից զուրկ հաստիքներից:
Ամփոփիչ ելույթով և մի շարք առաջարկներով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Երբ մենք տեղական ինքնակառավարման մարմիններ ենք ուղարկում պատկան մարմիններից կամ քաղաքացիներից ստացված գրությունները, ստիպված ենք լինում ոչ միայն երկար սպասել, այլ նաև մի քանի անգամ զանգել, պահանջել ու խնդրել, որպեսզի կարողանանք ստանալ պատասխանները: Այսուհետ աշխատեք գրություններին պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում՝ դրանք շարադրելով միայն գրագետ, ընթեռնելի ու հասկանալի հայերենով: Խնդրում եմ վերանայել ձեր հաստիքացուցակները՝ հրաժարվելով անարդյունավետ, գործառույթներ չպարունակող հաստիքներից: Առանձին համայնքների աշխատակազմեր ունեն իրավախորհրդատուի, օգնականի, խորհրդականի, այլ չհիմնավորված հաստիքներ, մինչդեռ անտեսել են հույժ կարևորություն ունեցող անասնաբույժի հաստիքը: Ամեն կերպ հարկավոր է խնայել միջոցները և դրանք ուղղել համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Ինչպե՞ս է լինում, որ մի համայնքում արդյունավետ, սահմանափակ թվաքանակով հաստիքների պահպանման դեպքում նկատվում է կատարված աշխատանք, առաջընթաց ու զարգացում, իսկ կողքի համայնքում, արդեն ուռճացված հաստիքների պարագայում, ամեն ինչ մատնված է անուշադրության: Հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը: Այս պահից սկսած՝ դուք պետք է հետևողականություն ցուցաբերեք, այլապես հավաքագրման ծավալների ամբողջ բեռը տարեվերջի վրա թողնելու դեպքում ձախողումն անխուսափելի կլինի:Սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումով էլ պայմանավորված կլինի ձեր աշխատանքի գնահատականը: Պատահական չէ, որ կենսական նշանակության ծրագրեր ավելի շատ իրականացվում են այն համայնքներում, որտեղ ամբողջությամբ ու ժամանակին հավաքագրվում են սեփական եկամուտները», -մարզխորհրդի անդամներին դիմեց մարզպետը:
Մարզի ղեկավարը միաժամանակ համայնքների ղեկավարներին հրահանգեց՝ բարձր հիմքերի վրա դնել մարզպետարան-ՏԻՄ համագործակցությունը, որպեսզի մարզում աշխատանքները լինեն համակարգված ու ճիշտ համադրված: «Մեր համայնքների առանձին ղեկավարներ գրությունները կամ նամակները ուղիղ ձևով ուղարկում են կառավարություն կամ համապատասխան գերատեսչություններ՝ շրջանցելով Գեղարքունիքի մարզպետարանը: Մինչդեռ հարկ է հիշել, որ նույն գրությունները վերջին արդյունքում մակագրվում են մեզ՝ մեր կարծիքը տվյալ հարցի շուրջ իմանալու, տվյալ հարցին լուծոմ գտնելու համար: Այդ պատճառով էլ առաջարկում եմ՝ գրության առաջին հասցեատեր ընտրել Գեղարքունիքի մարզպետարանը, որպեսզի մենք ունենանք համագործակցված ու համակարգված, արդյունքներ ապահովող աշխատանք»,-շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36