Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դրախտի վարդավառ» Դրախտիկում

23.07.2018

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում այսօր արտասովոր տոնական տրամադրություն էր տիրում: Գեղարքունիքի մարզպետարանը, Շողակաթի համայնքապետարանը և «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էին « Դրախի վարդավառ» միջոցառումը, որին մասնակցում էին Դրախտիկի, հարևան բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել տեղի բնակիչների կրթական և մշակութային մակարդակը, ինտեգրել նրանց մարզի մնացած բնակավայրերի հետ: Կազմակերպիչները միջոցառման միջոցով հնարավորություն տվեցին Դրախտիկի և հարևան բնակավայրերի բնակիչներին իրենց արտադրած գյուղմթերքը հանել տոնավաճառի:
«Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Սարուխանյանն իր խոսքում նշեց, որ այսօր որոշել են Դրախտիկում իրականացնել ագրոհեղափոխություն, մտածելակերպի փոփոխություն: Գյուղացին պետք է հասկանա, որ Դրախտիկն է աշխարհի կենտրոնը: Նրանք պետք է երջանիկ լինեն այնտեղ, որտեղ որ իրենք ապրում են:
Միջոցառումն ընթացավ մշակութային բովանդակալից ծրագրով, գյուղմթերքների, տեղի շնորհալիների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և վաճառքով: Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ ինքը հավատում է Դրախտիկի զարգացմանը և մոտ ապագայում այն տեսանելի կլինի:
«Սա կարևոր մի քայլ է, որտեղից և պետք է սկսենք: Սա մի քայլ է բնակավայրը և տեղի արտադրանքը հանրությանը ներկայացնելու և դրանք ճանաչելի դարձնելու համար: Սա մի կաևոր քայլ է գյուղական տուրիզմի և զբոսաշրջության զարգացման համար: Գյուղն ունի դպրոցի, մանկապարտեզի, ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման և բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ամենը մենք գույքագրում ենք և հերթով փորձելու ենք դրանց լուծում տալ: Շնորհակալություն եմ հայտնում «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությանը՝ այս նախաձեռնության համար: Ես հավատում եմ Դրախտիկի զարգացմանը: Հավատացած եղեք, որ այս բնակավայրը դառնալու է տարածաշրջանի մնացած բնակավայրերի և համայնքների լոկոմոտիվը: Թող դրախտիկցին հավատա, որ ինքը մենակ չէ, նրա կողքին են կառավարությունը, մարզպետարանը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել և աջակցել», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Միջոցառման ընթացքում Իշխան Սաղաթելյանին առաջինը շնորհվեց Դրախտիկ բնակավայրի պաշտոնական անձնագիրը՝ «Դրախտի անձնագիրը», որը այսուհետ տրվելու է նաև այստեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
« Դրախտի վարդավառ» միոցառմանը նախորդել էին գիշերային խարույկը և գիշերակացը՝ տներում:
«Յուրաքանչյուր բնակարանում տեղավորվել էին 2-3 զբոսաշրջիկ՝ օրական 3000 դրամ վճարով: Այս քայլերը նպաստում է գյուղական կյանքի զարգացմանը, որպեսզի գյուղացին կարողանա վաճառել իր արտադրանքը, շուկա դուրս գալ և կոտրել իր մեջ այն կարծրատիպը, որ ամոթ է վաճառել», -նշեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:
Այնուհետև Իշխան Սաղաթելյանը դիտարկեց Դրախտիկ բնակավայրի համայնքապետարանի նորակառույց շենքը, որտեղ նախատեսվում է տեղակայել նաև բուժկետ, անասնաբուժական դեղատուն և մոբիլ մանկապարտեզ: Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ նաև այն նախագծին, որով բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքը կվերափոխվի հյուրատան: Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31