Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները

20.07.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատությունները առաջին կիսամյակում պարտքեր չեն կուտակել, բացառությամբ Վաղաշենի ԱԱՊԿ-ի, որի մարման ուղղությամբ ձեռնարկվում են համարժեք քայլեր: Վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք օրինակելի բուժհաստատությունների ցույց տված դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել հետևողական աշխատանքի արդյունքում: Հիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների մեջ առավել բարձր արդյունքներ է ապահովել Ճամբարակի առողջության կենտրոնը, որտեղ էապես բարձրացվել են վճարովի ծառայություններից ստացվող մուտքերը: Երկրորդ տեղում է Գավառի բժշկական կենտրոնը: Առողջության առաջնային պահպանման օղակի ձեռնարկությունների շարքում լավագույն արդյունքներ են գրանցել Ծովագյուղի, Ծովակի, Գեղհովիտի ԱԱՊԿ-ները և Երանոսի բուժամբուլատորիան:
Վարչության պետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին՝ բարձրացնել սքրինինգային հետազոտությունների ցուցանիշները՝ դրանք մոտեցնելով նախորդ տարվա ցույց տված արդյունքներին, որոնք հանրապետությունում գնահատվել են լավագույնը:
Հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, սակայն որոշ տեղերում խնդիրներ կան կուտակված, որոնց շուրջ առանձին-առանձին կունենանք համապատասխան քննարկումներ: Այս սեպտեմբերին շահագործման կհանձնվի Սևանի արդիականացված բժշկական կենտրոնի շենքը, մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունները կհամալրվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով: Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում: Բոլորիդ կոչ եմ անում՝ աշխատել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան, ամբողջությամբ դուրս գալ ստվերից՝ հրաժարվելով հին մեթոդներից: Ճամբարակի առողջության կենտրոնի գրանցած արդյունքը ցույց է տալիս, որ հնարավոր է կրճատել ստվերը և այն հասցնել նվազագույնի, ինչը պետք է արվի մինչև վերջ: Եթե հաստատությունը կարող է ստվերի կրճատման ու մուտքերի ավելացման արդյունքում բարձրացնել աշխատավարձը, ապա մենք միայն կողջունենք այդ քայլը: Ձեր առաջնահերթ խնդիրը նաև պետք է լինի՝ կտրուկ կրճատել մարզի բնակչության հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ: Իսկ դրա համար հարկավոր է հետևողականորեն բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»,-հանձնարարարեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11