Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում տրվեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը

19.07.2018

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում տրվեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հանդիպումն անցավ ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունների, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի տարածքում ակտիվ գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և շահառու այլ կառույցների մասնակցությամբ, հանրային լայն քննարկման պայմաններում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանը:
«Զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի: Այս ծրագրի հիմքում ընկած է մշակութային եւ բնապահպանական կրթությունը, համայնքային զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, որտեղ մեծ դեր կունենան հասարակական կազմակերպությունները և երիտասարդները: Մենք կանգնելու ենք այս ծրագրի կողքին և ցուցաբերելու ենք պահանջվող աջակցությունը: Հուսով եմ, որ պետական կառավարման ու տեղական ինքնակառարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդների ներուժը բավարար է՝ նախաձեռնություններ հանդես բերելու և զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար: Բարի երթ ձեզ ձեր աշխատանքներում» -ողջույնի խոսքում նշեց մարզպետը:
Ինչպես ներկաներին տեղեկացրեց «ԵՄ հանուն մշակույթի.առավել ուժեղ համայնքներ և նախաձեռնություններ» ծրագրի համակարգող Տաթև Ասրյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» և «Հայկական Սիվիտաս» ՀԿ կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 547 հազար եվրո: Այն իրականացվելու է 3 տարվա ընթացքում, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում:
«Այսօրվա հանրային քննարկումը նպատակ ունի ծրագրի շահառուների՝ մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոլորտային փորձագետների մասնակցությամբ վեր հանել ծրագրային հավանական խմբերը, որոնցից մեկում պետք է իրականացվեն ծրագրային աշխատանքները: Խմբերի կամ կլաստերների վերջնական ընտրությունը կիրականացվի բազմաշահառու մարզային խմբի հետ քննարկումների եւ տեղերում այցելություններ կատարելու արդյունքում: Ծրագիրը նպաստելու է Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագրի ընթացքում Գեղարքունիքի մարզի շուրջ 40 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ կվերապատրաստվեն՝ ուժեղացնելով մշակութային, բնապահպանական և զբոսաշրջային նախագծերի մշակման ու իրականացման իրենց կարողությունները: Վերապատրաստված ՀԿ-ներին կտրամադրվեն մրցակցային դրամաշնորհներ՝ տեղական զբոսաշրջությանը նպաստող 3 պիլոտային նախագծերի իրականացման և 4 սոցիալական ձեռնարկությունների հիմնման համար:Դպրոցների և բուհերի մոտ 200 աշակերտներ և ուսանողներ կվերապատրաստվեն՝ ձեռք բերելով նախագծեր կազմելու, նախաձեռնություններ հանդես բերելու հմտություններ: Երկու թանգարաններ կվերապատրաստվեն և աջակցություն կստանան՝ ժամանակակից մուլտիմեդիա ցուցադրություններ ստեղծելու և հաղորդակցման ժամանակակից գործիքներ կիրառելու հարցում, իսկ ընտրված 1 թանգարանում կստեղծվի մուլտիմեդիա ցուցադրություն: Շուրջ 2000 հայաստանցիներ և զբոսաշրջիկներ կմասնակցեն գյուղական փառատոններին, բացօթյա միջոցառումներին ու շրջիկ ցուցահանդեսներին» - ներկայացրեց ծրագրի համակարգողը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06