Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային և մարզական հիմնարկներ

06.07.2018

Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ: Այցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին թիվ 6 մանկապարտեզն էր, որն անգործության է մատնվել 2011 թվականից, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը տեղում վստահեցրեց մանկապարտեզի վերագործարկման խնդիրն առաջ քաշած հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկա ամիսների ընթացքում շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու և մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ:
«Որոշակի ներդրում կկատարի Գավառի քաղաքապետարանը, որոշակի գումար կփորձենք գտնել կառավարության միջոցներից կամ այլ աղբյուրներից և կանենք հնարավորը, որպեսզի առաջիկա 6-7 ամիսների ընթացքում վերաբացվի մանկապարտեզի մի հատվածը, բարեկարգվի շենքի բակը»-բնակիչներին հավաստիացեց մարզպետը:
Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը մասնակցեց Հայոց բանակի հերոս Զոհրապ Բալաբեկյանի անվան նախնական զինվորական պատրաստության նորորգված դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդու անունը կրող դասասենյակի հիմնարոգումն ու կահավորումն իրակացվել է Գավառի քաղաքապետարանի միջոցներով: Զոհրապ Բալաբեկյանի փառքի անկյունում ծաղիկներ դրեցին մարզպետ Իշխան Սաղաթելյանը, քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և այլոք:
«Քանի դեռ մենք մեծարել գիտենք մեր հերոսներին, մեր հայրենիքը կանգուն կմնա: Մենք ուժեղ ենք, ամուր ու հպարտ, որ ունենք այսպիսի հերոս տղաներ: Կարծում եմ, որ Զոհրապը ոչ թե զոհվել է, այլ անմահացել սերունդների հիշողության մեջ»-ներկաներին դիմեց մարզպետը:
Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակ, որտեղ դպրոցական շենքը կառուցվում է հիմքից, պետական միջոցների հաշվին, 1 միլիարդ 283 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ աշնանը: Ինչպես զեկուցեց շինարարության պատասխանատուն՝ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, առանց խնդիրների կամ ձգձգումների:
Գավառի մարզադպրոցում մարզպետը ծանոթացավ մարզական խմբակների գործունեությանը, մարզումներին, մարզիկների՝ հանրապետական ու միջազգային մրցաշարերում գրանցված նվաճումներին:
Գավառի քաղաքային գրադարանում տնօրենը մարզպետին ներկայացրեց գրադարանային ֆոնդը, առանձին բաժինները, ցուցադրությունները, առաջիկա միջոցառումների թեմատիկան, ձեռք բերված հաջողությունները: Գրադարանի տնօրենության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ, կազմակերպել գրքերի բացօթյա ցուցադրություն:
Գավառի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Դաշտոյանը մարզպետի ուշադրությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության մշակութային, կրթական, ռազմահայրենասիրական, ձեռնարկատիրության եւ այլ ոլորտային ուղղվածությունները: Հյուրերը ծանոթացան նաև ստեղծված պայմաններին:
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Գավառի քաղաքապետարանում՝ շրջայց կատարեց քաղաքապետարանում և ծանոթացավ աշխատակազմի հետ:
Հանդիպման ավարտին Իշխան Սաղաթելյանը ամփոփեց այցի արդյունքները և նշեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55