Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը շարունակում է հանդիպումները ներդրողների հետ
26.06.2018
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի բնակիչ, գործարար Գագիկ Խաչիկյանին: Զրույցի հիմնական թեման ծավալվեց Ծովազարդ գյուղում և Գավառ քաղաքում ,,Ուզբեկ Տեքստիլ Գրուպ,, ՍՊԸ կողմից մի քանի տեսակի արտադրությունների հիմնման շուրջ: Ինչպես ներկայացրեց գործարարը, իրենց կազմակերպության ծրագրով նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում Գավառ քաղաքում հիմնել բամբակի մանվածքաբանական ֆաբրիկա, բամբակի հումքի վրա հիմնված անասնակերի արտադրություն, անասնապահական տնտեսություններ, ինչի արդյունքում կբացվեն հազարից ավելի աշխատատեղեր:
,,Արմավիրի մարզում արդեն 500 հեկտար բամբակի ցանք ունենք, որի բերքահավաքը կկատարենք սեպտեմբերին, իսկ հումքը կվերամշակենք Գավառում: Վերամշակվող հումքից ստացվող անասնակերը կօգտագործվի անասնապահական տնտեսությունների ստեղծման ու զարգացման ուղղություններում: Մենք դրա համար ունենք բոլոր հնարավորությունները, անգամ՝ արտադրանքի իրացման: Արտադրությունը սկսելու և ծավալելու համար մեզ հարկավոր է պետության աջակցությունը՝ որոշակի սուբսիդիայի և ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար,,-ներկայացրեց Գագիկ Խաչիկյանը:
Ողջունելով ներկայացրած ծրագիրը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը գործարար Գագիկ Խաչիկյանին խոստացավ բազմակողմանի աջակցություն ու համագործակցություն՝ միաժամանակ հանդես գալով նոր առաջարկությամբ:
,,Այսօր մեր բնակչությանը չափազանց մտահոգում է բրդի իրացման խնդիրը: Ցանկալի կլիներ, որ բամբակի մանվածքաբանական արտադրամասի կողքին գործեր նաև բրդի արտադրամասը, որով հնարավոր կլիներ լուծել մարզի ոչխարաբուծական տնտեսությունների առաջ ծառացած խնդիրը,,-առաջարկեց մարզպետը:
Գագիկ Խաչիկյանն առաջարկին տվեց դրական պատասխան, վստահեցնելով, որ իր ղեկավարած ձեռնարկության մոտակա ծրագրերի մեջ մտնում է բրդի մանվածքաբանական ֆաբրիկայի, ինչպես նաև այլ կարևոր արտադրությունների հիմնումը: