Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գավառի երիտասարդ կամավորների խմբին
08.06.2018
Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի ,,Երիտասարդ առաջնորդների ճամբար,, նախաձեռնության երիտասարդ կամավորներին: Ինչպես ներկայացրեց նախաձեռնության ղեկավար Գառնիկ Գափոյանը, ,,Գյուլբենկյան,, և ,,Ջինիշյան հիշատակի,, հիմնադրամների հետ համագործակցությամբ նախաձեռնող խումբը 2018 թվականի հունիսի 22-24-ին իրականացնելու է եռօրյա հավաքի ճամբար, որին մասնակցելու են մարզի բոլոր տարածաշրջաններից հրավիրված 26 երիտասարդ ակտիվիստ կամավորներ: Ճամբարային օրերի ընթացքում երիտասարդների առջև ամենատարբեր թեմաների շուրջ դասախոսություններով հանդես կգան պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամավորները նախաձեռնության իրականացման համար խնդրեցին Գեղարքունիքի մարզպետի մասնակցությունը և աջակցությունը:,,Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ունենում երիտասարդ նախաձեռնողների հետ: Ողջունելով ձեր նախաձեռնությունը՝ միաժամանակ ցանկանում եմ լինել այդ ձեռնարկի մանակիցն ու աջակիցը: Մենք պատրաստ ենք նաև ձեզ ներգրավել ամենատարբեր հայրենաշեն ու հանրօգուտ ձեռնարկներում, կարևոր ծրագրերում: Իմ աշխատանքային առաջին օրերը ցույց տվեցին, որ աշխատատեղերի բացակայությունն ավելի ակնհայտորեն է զգացվում Գավառ քաղաքում, իսկ աշխատանքի կարիք առավելապես ունեն երիտասարդ մասնագետները: Դրա համար էլ մենք պետք է աշխատենք նրանց ներգրավել թե պետական կառավարման , թե հանրային այլ ոլորտներում: Ուստի և ձեզ հետ կլինեմ մշտական կապի մեջ՝ լուրջ համագործակցության ակնկալիքով,,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: