Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

02.06.2018

Հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպմանը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզի համայնքների, ուժային կառույցների, մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին , մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Բացելով հանդիպումը՝ նախարար Պապիկյանը կատարեց մի շարք կարեւոր շեշտադրումներ Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում առաջացած ներկայիս իրավիճակի հանգուցալուծումների շուրջ: ՙՍա իմ առաջին այցն է Գեղարքունիքի մարզկենտրոն, ինչը կցանկանայի, որ դառնար հանգրվանային, նոր կարեւոր քայլերի, հանրօգուտ ձեռնարկների ու հաջողությունների սկիզբ: Ուզում եմ համոզված լինել, որ նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը, թիկունքում ունենալով ՀՀ կառավարության եւ հանրության վստահությունը, կարեւոր քայլեր կձեռնարկի մարզի առջեւ ծառացած խնդիրների կարգավորման ամենատարբեր ուղղություններում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր հայրենիքում իշխանությունը պատկանում է միայն եւ միայն ժողովրդին, եւ այդ հենքի վրա էլ մենք պետք է կառուցենք օրենքի երկիր եւ իշխանություն, որտեղ հանրությունը պետք է լինի իշխանությանն ուղորդող հիմնական ուժը: Անկախ նրանից, թե դահլիճում նստածներից յուրաքանչյուրն ինչ քաղաքական ուժի է հարում, բոլորս միասին հիմա ունենք մեկ առաքելություն՝ կառուցել արդար, ինքնիշխան, ազատ ու բարեկեցիկ երկիր, հասնել նրան, որ արագ վերանա իշխանության եւ հանրության միջեւ առաջած անջրպետը՚,-ներկաներին դիմեց նախարարը:
Դիմելով համայնքների ղեկավարներին՝ նախարարը կոչ արեց՝ աշխատանքում առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքերով իրենց վերապահված լիազորություններով:ՙՏեղական ինքնակառավարման մարմիների դերն ամրագրված է Սահմանադրությամբ եւ օրենքներով, սակայն շատ բան դեռ մնում է թղթի վրա: Իհարկե, կան համայնքներ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները գործում են օրենքի շրջանակներում, իրենց լիազորությունները ծառայեցնում են համայնքի շահերին, սակայն համայնքներ էլ կան, որտեղ ղեկավարները կատարել են իշխանության վերին օղակներից եկած կամայական հրամանները: Դրա համար էլ կոչ եմ անում՝ գործել միայն օրենքի դաշտում, հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն՚,-նշեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարը խոսեց նաեւ Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության, մարզի կենսունակության բարձրացման ու զարգացման նախատեսվող ծրագրերի մասին:ՙԳեղարքունիքի մարզը ոչ պակաս սահմանապահ մարզ է, բայց նրա դերը մի տեսակ անտեսված է մնացել: Ես անցած ամռանն այցելել եմ մարզի սահմանամերձ տասնյակ համայնքներ եւ տեսել այնպիսի պատկեր, որը սարսուռ կարող է առաջացնել հայրենիքի հոգսերով ապրող ցանկացած մարդու մոտ: Դրանք մարդաթափ եղած, աղքատության ու հոգսերի մեջ թաղված գյուղեր են, որտեղ իրավիճակը հրատապ շտկում է պահանջում: Մենք պետք է այս տեղերում կատարենք շտապ գույքագրում եւ ձեռնամուխ լինենք կյանքի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: Գույքագրումը կարեւոր կլինի նրանով, որ այն կտեղադրվի Օնլայն հարթակում, որպեսզի մեր հայրենակիցներն աշխարհի ցանկացած կետից կարողանան հետեւել օտարման ենթակա եւ ներդրումներ պահանջող գույքային բազային՝ իրենց մասնակցությունը բերելով մեր սահմանամերձ համայնքների շենացմանը: Մենք պետք է ունենանք նաեւ մարզերի զարգացման ծրագրերի պատրաստի փաթեթներ, որպեսզի դրանք առաջարկենք ի հայտ եկած ներդրողներին՚,-շեշտեց նախարարը: Սուրեն Պապիկյանը հավելեց նաեւ, որ նախորդ կառավարության կողմից ընդունված սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն նոր կառավարության օրոք: ՙԵս առաջիկայում աշխատանքային այցերով կլինեմ Գեղարքունիքի մարզի թե խոշորացված, թե փոքր համայնքներում, մոտիկից կծանոթանամ խնդիրներին: Հաջողություն եմ ցանկանում նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին նոր Հայաստանի կերտման դժվարին ու պատասխանատու գործում: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին, մաղթում հետագա հաջողություններ՚,-իր խոսքը եզրափակեց նախարարը:
Նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ կանի ամենահնարավորը՝ ժողովրդի ու հանրության հույսերն արդարացնելու համար: ՙԵս Գեղարքունիքի մարզպետի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ ամենայն վճռականությամբ ու աշխատանքային բարձր տրամադրվածությամբ:Համայնք առ համայնք վեր ենք հանելու բոլոր խնդիրները, գտնելու ենք դրանց լուծման ուղիները, եւ անպայման հասնելու ենք տեսանելի հաջողությունների: Բոլորս՝ ի գործ՚,-ներկաներին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը մեկտարյա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հետագա հաջողություններ մաղթելով իր նախկին գործընկերներին և նորանշանակ մարզպետին :ՙԱնկախ ամեն ինչից, մենք մնում ենք ընկերներ ու բարեկամներ, իսկ ես կաշխատեմ իմ ուժերի ներածին չափով լինել ձեր կողքին, հայրենաշինական ձեռնարկներում՚,-հրաժեշտի խոսքում նշեց Կարեն Բոթոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55