Նորություններ
Գեղարքունիքի և Իզերի մարզերի միջև կխորանա համագործակցությունը տուրիզմի ոլորտում
11.05.2018

Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Աննա Կաստելնուովոյին: Կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում ,,Աֆրատ,, կազմակերպության կողմից մեկնարկած ծրագրերի ընթացքի, նոր նախաձեռնությունների ներդրման հետ կապված հարցեր: ,,Մենք Գեղարքունիքում նախատեսում ենք ավարտել ընթացքի մեջ գտնվող տուրիստական ծրագրերը, որոնք մեկնարկել են նախորդ տարիներին: Առաջնահերթ ենք համարում Գեղարքունիքի մարզի մուտքերում հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն ցուցանակների տեղադրումը եւ ճանաչողական գրքույկների հրատարակումը: Մենք պետք է բացահայտենք տուրիստական նոր գրավչությունները Գեղարքունիքում, այդ նպատակով էլ վաղը հատուկ այց կկատարենք Մարտունի, որն ունի տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ: Հավելեմ, որ առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան կժամանեն երկու տուրօպերատորներ՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները եւ համագործակցություն ծավալելու, ուստի մեր խնդիրն է լինելու նրանց ներկայացնել մեր ուսումնասիրությունների ու բացահայտումների արդյունքները Գեղարքունիքի մարզում:Կներդրվեն նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Իսկ մայիսի 21-ից Սեւանում մեր կողմից կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ տուրիզմի ոլորտում բիզնես ծրագրեր սկսած անձանց կամ կազմակերպությունների համար: Ամռան ընթացքում ֆրանսերեն լեզվի դասընթացներ կկազմակերպվեն Սեւան եւ Գավառ քաղաքներում: Մեր հետագա քաղաքականությունը կուղղվի նրան, որ տուրիստների հոսքը կենտրոնացված չլինի միայն Սեւան քաղաքում կամ Սեւանի թերակղզում, այլ հասանելի ու ճանաչելի դառնա նաեւ մարզի մյուս գրավիչ վայրերում,,-ներկայացրեց Աննա Կաստելնուովոն:
Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը կշարունակի աջակցություն ցուցաբերել ֆրանսիական կողմին բոլոր կառուցողական ծրագրերում, խորացնել տարիներ շարունակվող համագործակցությունը: