Նորություններ
Գեղարքունիքի մարզում կիրականացվի ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը
27.04.2018

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց մարզի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպումը նախաձեռնել Էր ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական
կազմակերպությունը: Նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզային համակարգող Լիաննա Մակվեցյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ ,,Իրավաբանների հայկական ասոցիացիա,, հասարակական կազմակերպությունը մարզի տարածքում գործող վեց ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ նախատեսում է մարզում
իրականացնել ,,Կառուցողական երկխոսության հանձնառություն,, ծրագիրը, որը նպատակ ունի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, տարածքային և տեղական
ինքնակառավարման մարմինների համատեղ ուժերով և համագործակցված կարգով մշակել և կյանքի կոչել ծրագրեր ՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական, կրթական, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում:
Ըստ բանախոսի՝ կազմվելիք 10 ծրագրերը պետք է ավարտական տեսքի բերվեն և ֆինանսավորման ներկայացվեն 2018 թվականի հոկտեմբերի ամսին: Դրանք կյանքի կկոչվեն ԵՄ ֆինանսավորմամբ՝ 10հազարական եվրոյի շրջանակներում: Ծրագրերի բարեհաջող ընթացքին հետևելու են սոցիալ- տնտեսական զարգացմանն ուղղված այլ դրամաշնորհներ: ,, Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև, քանզի իրականացվող ծրագրերի նպատակն է՝ մարզում ստեղծել և զարգացնել կառուցողական երկխոսությունը,, - նշեց Լիաննա Մակվեցյանը:
,,Ամեն մի բարի ու դրական ծրագիր ողջունելի է մարզպետարանի կողմից: Մարզպետարանի գործունեությունը բաց է ու թափանցիկ, եթե ունեք հետաքրքիր և նպատակային ծրագրեր, մենք պատրաստ ենք՝ քննարկելու և ապահովելու անհրաժեշտ արդյունք: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների շրջանակներում ընդառաջել խելացի երիտասարդներին իրենց նախաձեռնություններում, հավատալով, որ այն կտա ցանկալի արդյունք մարզի տնտեսության զարգացման գործում,, - իր ամփոփիչ խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ քննարկումները կազմակերպել պարբերաբար և ավելի կոնկրետ օրակարգերով: