Նորություններ
Գավառի նորաբաց երիտասարդական կենտրոնում երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր
06.04.2018
Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառ քաղաքում այցելեց երիտասարդական բազմաֆունկցիոնալ նորաբաց կենտրոն, որտեղ հանդիպում ունեցավ Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ:Հանդիպմանը մասնակցում էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նախապես որոշված ընթացակարգով երիտասարդները հյուրերին ներկայացրեցին տարածաշրջանում բիզնես սկսելու իրենց գաղափարներն ու արդեն իսկ կազմված բիզնես նախագծերը: Ներկայացված ծրագրերի մի մասն արդեն մասնակցում են դրամաշնորհային տարբեր մրցույթների, իսկ մնացածը դեռևս գտնվում են ամբողջականացման փուլում: Ծրագրերն ու գաղափարները հիմնականում վերաբերում էին զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կենտրոնների ու փոքր արտադրամասերի ստեղծմանը: Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու համար և մարզում երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ունեցած նշանակալի դերի համար ,,Գեղարեգ,, կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանին խրախուսեց Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: Իր խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց նաև երիտասարդ ձեռներեցներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար, ապա նշեց, որ պետությունը խրախուսում և աջակցում է խելացի ու հեռանկարային բիզնես գաղափարներն ու ծրագրերը, որի համար հարկավոր է պրպտել, գտնել ամենաարդյունավետ եղանակն ու հետևողական լինել դրա իրականացմանը: Մարզպետն իր խոսքում նաև հույս հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կնպաստեն մարզում երիտասարդների բիզնես գիտելիքների ընդլայնմանը և հավելեց, որ պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ ունենալ մարզի մյուս տարածաշրջաններում: Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին և Գավառի քաղաքապետին՝ երիտասարդական նախաձեռնությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հետաքրքիր մտահղացումները խրախուսելու համար: Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շրջեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան առկա պայմաններին: