Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Սուրբ Զատկի տոնին նվիրված արարողություններ

01.04.2018

Մարտի 31-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով էլ սկսվեց զատկական տոնակատարությունը: Պատարագիչը Գնել քահանա Մարտիրոսյանն էր : Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատավորներ: Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը, որում մասնավորաբար ասվում է.
<<Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ>> (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ <<Քրիստոս Յարեաւ ի մեռելոց>> և ,,Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի>> պատասխան խոսքով: Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:
Սուրբ Զատկին նվիրված արարողությունը շարունակվեց ապրիլի 1-ի առավոտյան: Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ , Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Կարեն Բոթոյանը, այլ պաշտոնյաներ:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Սուրբ Պատարագից հետո մասնակիցները Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մասնակցեցին զատկական տոնախմբությանը , որը կազմակերպվել էր Գավառի քաղաքապետարանի, Գեղարքունյաց թեմի և ,,Գեղարեգ,, ԿՄԵ ՀԿ-ի համատեղ ուժերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15