Նորություններ
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Գարիկ Բադալյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց
29.03.2018
Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Բադալյանին՝ երկարամյա ու անբասիր աշխատանքի համար՝ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով եւ հուշամեդալով պարգեւատրելով նրան: Իր հերթին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ Գարիկ Բադալյանն իր գործին նվիրված ու գիտակ անձնավորություն է, ում աշխատանքը տարիներ շարունակ բարձր է գնահատվել նախարարությունում: Եվ այդ գնահատականը եղավ ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգեւը՝ նախարարի ՙՈսկե հուշամեդալը՚, որը Գարիկ Բադալյանին հանձնեց փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Գարիկ Բադալյանի աշխատանքային գործունեության մասին դրվատանքի խոսքերով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ: ,,Շնորհակալ եմ Գեղարքունիքի ներկա ու նախկին բոլոր մարզպետներից, փոխմարզպետներից, դպրոցների ներկա ու նախկին տնօրեններից, Գեղարքունիքի մարզպետարանի իմ բոլոր գործընկերներից՝ համատեղ ու համագործակցված աշխատանքի համար: Շոյված եմ այսօր ինձ տրված պետական պարգեւների համար, մեծ պարգեւ եմ համարում նաև իմ աշխատանքին տրված գնահատականը, որ այսօր հնչեց դահլիճում,,-իր շնորհակալական խոսքում նշեց Գարիկ Բադալյանը: