Նորություններ
Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլը
26.02.2018

Փետրվարի 23-ին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Կարմիրգյուղի թիվ 2, Զոլաքարի թիվ 1, Դդմաշենի, Սոթքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը:
Ռազմամարզական խաղերի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարության ռազմամարզական վարչության պետ Արթուր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, հանրակարթական դպրոցների նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներ: ,,Շնորհավորում եմ բոլորիս Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղություն, մեր սահմանները պաշտպանող զինվորներին ու սպաներին՝ անվտանգ ծառայություն:Համոզված եմ, որ այսօր ռազմամարզական խաղերի անցկացմամբ մենք ականատեսը կդառնանք հայրենասիրական բաց դասի ցուցադրությանը,, -բացման խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
,, Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր վաղվա զինվորները բանակ մտնեն ռազմական գիտելիքների բավարար պաշարով:Այս ռազմամարզական խաղերն էլ ծառայում են այդ կարեւոր նպատակին,,-նշեց ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Ռազմամարզական խաղերի մեկնարկից առաջ մասնակիցներն այցելեցին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ռազմագիտության կաբինետ և ծաղիկներ խոնարհեցին նույն դպրոցի աշակերտ, հայրենիքի պաշտպանության դիրքերում զոհված Զոհրաբ Բալաբեկյանի փառքի անկյունում:
Այնուհետ 8-11-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերի միջեւ պայքարը ծավալվեց <<Արագ եւ դիպուկ>>, <<Բանիմաց եւ հնարամիտ>>, <<Ամենագետ եւ խելացի>>, <<Կարգապահ եւ ներդաշնակ>>, <<Բարձունքի գրավում>> մրցաձեւերում:Աշակերտներն իրենց ռազմական գիտելիքները եւ կարողությունները ցուցաբերեցին շարային պատրաստվածության, հրաձգության, նռնակի նետման, ինքնաձիգ զենքի քանդման ու հավաքման, էստաֆետային տարբեր վարժությունների, օդային տագնապի արձագանքման, առաջին բուժօգնության կազմակերպման եւ այլ ստուգատեսների ժամանակ:
65 միավորով առաջին տեղը գրավեց Ճամբարակի ավագ դպրոցի թիմը:Նրանից ընդամենը մեկ միավոր պակաս վաստակեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Երրորդ տեղը գրավեց Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը՝ վաստակելով 59,6 միավոր: <<Այսպիսով, ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցելու հայտ ներկայացրեց Ճամբարակի ավագ դպրոցի թիմը, որի կազմում կարող են ընդգրկվել նաեւ մյուս թիմերում աչքի ընկած աշակերտները՝ կազմը ուժեղացնելու նպատակով>> - ներկայացրեց գլխավոր մրցավարը: Ռազմամարզական խաղերի կազմակերպման ու ակտիվ մասնակցության համար հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ ՊՆ և Գեղարքունիքի մարզպետի պատվոգրերով: