Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր

07.02.2018

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ղեկավարությամբ փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, տարածքային և համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Փոխնախարարը օրակարգային հարցերի շրջանակում ներկայացրեց կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին, 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու առանձնահատկություններին վերաբերող հարցեր: ,, Եթե դուք տնտեսական զարգացման համար ծրագիր եք ուզում իրականացնել, ասենք 50 մլն դրամի ներկայացրել եք նախագիծ, նշանակում է դուք պետք է կարողանաք դրա առնվազն 40% -ը ֆինանսավորել, այսինքն ձեր ֆոնդայի բյուջեում պետք է այդ 40%-ը պլանավորված լինի, իսկ մնացած 60 % -ի համար կառավարությունը որոշում կկայացնի,, - իր խոսքում նշեց Վարազդատ Կարապետյանը: Նախարարի տեղակալը խոսեց նաև կառավարության կողմից համայնքների տնտեսության զարգացման աջակցման ուղղությամբ մշակված նոր մեթոդների և հնարավորությունների մասին: ,,Ենթադրենք ձեր համայնքներում կան գործարարներ, ովքեր բիզնես ծրագրեր են ուզում իրականացնել ամենատարբեր ոլորտներում:Նրանք դիմում են բանկին եւ պահանջում համապատասխան վարկավորում՝ 14 տոկոսի չափով: Բանկն ուսումնասիրում է առաջարկը, եւ համաձայնության դեպքում գործածարը լրացնում է հայտը, որն էլ ուղարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:Եթե բիզնես ծրագիրն արժանանում է հավանության, ապա կառավարությունն այն սուբսիդավորում է մինչև 6 տոկոս վարկային տոկոսադրույքով,, - ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն այնուհետև անդրադարձավ համայնքների 2018 թվականի բյուջեների պլանավորմանը, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի տարեկան աշխատանքային պլանների կազմմանը վերաբերող մանրամասների: Փոխնախարարը համայնքների ղեկավարներին առաջարկեց մասնակցել <ՄԱԿ-ի կողմից իրականացվող ,,Գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացում,, ծրագրին, որն ըստ նրա ենթադրում է ընտրել գյուղական համայնքներ, որտեղ հնարավոր կլինի զարգացնել ենթակառուցվածքները և ապահովել համայնքի առաջընթացը: ,,Հարկավոր է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբովանդակեն պատմական ու բնական հուշարձաններ տանող ճանապարհների նորոգում, պահպանություն ու գովազդ, գյուղական տուրիզմի աշխուժացում: Ծրագրի ընդունման դեպքում համայնքների կողմից համաֆինանսավորում չի պահանջվում,,- ամփոփեց նախարարի տեղակալը: Օրակարգային հարցերի առնչությամբ Վարազդատ Կարապետյանը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերել համապատասխան աշխատանքների իրականացմանը: Ամփոփելով հանդիպումը մարզպետ Կարեն Բոթոյանն առաջարկեց համայնքների ղեկավարներին ակտիվ աշխատանքներ տանել համայնքներում՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որոնք կնպաստեն համայնքային տնտեսության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 12:35:45