Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց Արցախյան պատերազմում անհայտ կորած մարտիկի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան

30.01.2018

Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի ունեցավ նույն դպրոցի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից, 1992 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերի ընթացքում անհայտ կորած Սերգո Հրանտի Ավետիսյանի հիշատակն հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը: Այն կանգնեցվել է հերոսի զավակների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարության և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության համատեղ ուժերով: Աղբյուր-հուշարձանը պատրաստել է կարմիրգյուղցի քանդակագործ Հակոբ Թորոսյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող կարմիրգյուղցի գործարարներ, կրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր, Սերգո Ավետիսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները:
Միջոցառման սկզբում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը հնչեցրեց աղոթք՝ ուղղված Արցախյան ազատամարտի զոհերի հոգիների հանգստությանը: Բացման խոսքում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը նախ շնորհավորեց ներկաներին՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ, ապա խոսեց Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի կյանքի, նրա անցած մարտական ու հերոսական ճանապարհի մասին: ,,Թողնելով կնոջը, երկու զավակներին և մյուս հարազատներին՝ Սերգոն 1990 թվականին մասնակցել է Շահումյանի և Գետաշենի ինքնապաշտպանության մարտերին, 1990-1991թվականներին մասնակցել է Վայք, Խնձորուտ և Բարձրունի գյուղերի ինքնապաշտպանությանը: Նա անցել է ծանր մարտերի միջով, ստիպել հակառակորդին՝ հաշվի նստել իր անձի հետ, իր մասնակցությամբ քանիցս շրջել կռվի ընթացքը, թիկունք կանգնել ընկերոջը, օգնել հաղթահարելու ծանր օրվա արգելքները: 1992թվականի հունիսի 16-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերին և այլևս չի վերադարձել: Փառք նրա անցած ուղուն: Սերգո Ավետիսյանը այսօր վերադարձավ դպրոց, նա բացակա չստացավ, որովհետև դպրոցի մուտքի մոտ կանգնած աղբյուր -հուշարձանը հար ու հավետ կխոսի ու գալիք սերունդներին կպատմի իր կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսի մասին,, -իր խոսքում նշեց դպրոցի տնօրենը:
Աղբյուր-հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: ,,Պատերազմի թեժ շրջան էր, վախենում էինք կռվից, մահից: Մի քանի հոգու հետ հերոսս մեր գյուղ եկավ: Վախ չուներ, խոսքը գործ էր: Ծանոթացանք, իմացանք, որ թողել է ծնողներին ու երկու զավակներն ու եկել` մեր սահմանը պաշտպանելու, իմ որդու կիսատ գործը շարունակելու: Անպետք զենքը պիտանի էր դարձնում, կոտրածը նորոգում էր, բարի ու ազնիվ, աշխատասեր մարդ էր, բայց մարտի դաշտում անկոտրում էր ու համառ: Զայրույթի պահին նա նմանվում էր իսկական դևի: Նրան Դև էին ասում: Մի օր դուրս եկավ գյուղից, գնաց դեպի մարտական դիրքեր, ու մինչ օրս լուր չունենք,,- ներկայացրեց փոքրիկ դպրոցականը, ով հանդես էր գալիս թալիշցի մոր դերում: Ապա դպրոցականները բեմականացման միջոցով ներկայացրին Արցախյան պատերազմի հերոս Սերգո Ավետիսյանի ընտանեկան և մարտական կյանքի բացառիկ դրվագներ՝ դրանք համեմելով գրական և երաժշտական կատարումներով:
,, Մեր երկրի պաշտպանության երաշխավորը մեր հզոր ու փառապանծ բանակն է: Ես իմ խոնարհումն եմ բերում Արցախյան պատերազմում նահատակված մեր հայորդիների հիշատակի առջև: Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում Սերգո Ավետիսյանի որդիներին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին, ովքեր իրենց հայրենասիրական գեղեցիկ դասով մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայը եղել է, կա և կմնա հավերժ: Ես կուզեմ, որ մեր այս հրաշք երեխաները այս հրաշալի կատարումներով ապրեն խաղաղ և ստեղծագործ երկրում: Շնորհակալություն նաև մեր ճարտարապետին ու շինարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց միտքն ու գաղափարը դրեցին Սերգո Ավետիսյանի հիշատակը անմահացնելու և այս հրաշալի հուշարձան աղբյուրը կառուցելու գործում,, - իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Միջոցառման ավարտին ներկաները գլուխ խոնարհեցին այն տղաների հիշատակի առջև, որոնց անունները հավերժ կմնան Կարմիրգյուղի պատմության էջերում՝ երանի տալով նրանց, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործով ձուլվում են հայրենի եզերքի ապրեցնող կենսագրությանը:
Անցած հերոսական ճանապարհի համար Սերգո Ավետիսյանը պարգևատրվել է Հայաստանի Երկրապահ,, հուշամեդալով, ,,Մարշալ Բաղրամյան,, և ,,Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար,,,Առաջին գունդ ,, մեդալներով:
Օրվա առիթով Սերգո Ավետիսյանին և նրա որդիներին շնորհակալագրեր, պատվոգրեր և հուշամեդալներ շնորհվեցին ՀՀ ԵԿՄ վարչության, ,,Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիա,, ՀԿ-ի և ,,Երդվյալ ազատամարտիկների միության,, կողմից: Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչությունը պարգևներ հանձնեց նաև Սերգո Ավետիսյանի մտերիմներին և հարազատների: ,,Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիա,, ՀԿ-ի կողմից Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը պարգևատրվեց ,,Ասպետաց խաչ,, մեդալով:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06