Նորություններ
Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլին
26.01.2018

Հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև ,,Կորյուն ,, ռազմամարզական խաղերի կազմակերպման և անցկացման կարգի հետ կապված հարցեր: ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի նպատակն է ռազմահայրենասիրական դաստիարակության, ՆԶՊ առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության ներկայացուցիչներ, խաղի տարածքային փուլում հաղթող ճանաչված Սոթքի, Դդմաշենի, Զոլաքարի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների զինղեկները: Մարզպետի տեղակալը նախ ողջունեց խաղի դպրոցական և տարածքային փուլերում հաջողություն արձանագրած թիմերին, հույս հայտնելով, որ թիմերը առավել բարձր պատասխանատվությամբ ու պատրաստվածությամբ կմասնակցեն նաև ռազմամարզական խաղի մարզային փուլին: ,, Այսօր մենք պետք է ունենանք մարզված, բանիմաց, ուժեղ և պատրաստված սերունդ, որը կլինի մեր հայրենիքի վաղվա պաշտպանն ու տերը: Դրա համար անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը, խաղի մարզային ապա հանրապետական փուլերին ակտիվ մասնակցություն ունենալու, ռազմահայրենասիրական դաստիարակությունը մարզում բարձր հիմքերի վրա դնելու համար,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլի ծրագիրը, զինղեկների հետ մանրամասնորեն քննարկեցին հետագա անելիքներն ու խնդիրները: ,,Կորյուն,, ռազմամարզական խաղին մարզային փուլին կմասնակցեն 5 դպրոցական թիմեր, որոնք ձևավորվել են վերը նշված դպրոցների 9-12-րդ դասարանների լավագույն մասնակցություն ցուցաբերած աշակերտներից, 7 տղա, 3 աղջիկ: ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլի մրցումները տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 23-ին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում: Մարզային փուլում հաղթող ճանաչված թիմը իր ուժերը կփորձի ռազմամարզական խաղի հանրապետական փուլում: